211652_close_icon
views-count2361 դիտում article-date 09:55 25-05-2021

Իշխանությունն անգամ չի կարողանում երաշխիքներ տալ Սյունիքով անցնող ճանապարհների անվտանգության համար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արցախյան 44-օրյա պարտերազմում կրած ծանր պարտությունը տարածաշրջանում փոխել է ուժերի հարաբերակցությունը։ Ադրբեջանը ոչ միայն բռնազավթել է Արցախին պատկանող տարածքները, այլև սկսել է Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային պահանջներ ներկայացնել։ Ուստի պատահական չէ, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքում և Գեղարքունիքում ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք ու արդեն օրեր շարունակ ոչ միայն չեն պատրաստվում հեռանալ, այլև, ըստ շրջանառվող տեղեկությունների, շարունակում են ամրանալ որոշ ուղղություններով։

Սրան զուգահեռ, Ադրբեջանը ցանկանում է Հայաստանից ստանալ Խորհրդային Միության ժամանակաշրջանում Հայաստանի տարածքի ներսում իր վերահսկողության տակ ունեցած տարածքները՝ էքսկլավները, որոնք Հայաստանի տեսանկյունից անկլավներ էին։ Հայտնի փաստ է, որ խորհրդային ժամանակաշրջանում Հայկական ԽՍՀ վարչական տարածքում առկա էին ադրբեջանական էքսկլավներ, իսկ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում գոյություն ուներ հայկական Արծվաշեն անկլավը։

Հարցն այն է, որ 90-ական թթ. սկզբին հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում բոլոր անկլավները, որպես այդպիսին, փաստացի վերացան, իսկ այդ հարցը կրկին քննարկումների դաշտ մտավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Կրեմլի պաշտոնական էջում հրապարակված եռակողմ հայտարարության նախնական տարբերակում նշվում էր Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին, սակայն կարճ ժամանակ անց տեքստից հանվեց այդ հատվածը։ Թերևս նաև դա է պատճառը, որ մինչև վերջերս քննարկվում էր այն տեղեկությունը, թե Հայաստանի իշխանությունները համաձայնել են Ադրբեջանին հանձնել նրա նախկին անկլավները։ Իսկ օրերս արդեն համացանցում հայտնված սահմանազատման մասին աշխատանքային փաստաթուղթն ավելի թեժացրեց սույն թեմայի շուրջ քննարկումները։ Ընդ որում, խոսքը ադրբեջանական բոլոր նախկին անկլավների՝ Տավուշից 5 գյուղերի և Արարատի շրջանում՝ Նախիջևանի սահմանից ոչ հեռու գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը ադրբեջանական վերահսկողության հանձնելու մասին է։

Ըստ էության, նախատեսվում է քննարկել նախկին Խորհրդային Միության ներսում գոյություն ունեցող սահմանների վերականգնումը, սակայն միջազգային իրավունքում որևէ պարտադիր պահանջ չկա, որ ֆեդերալ պետության փլուզումից հետո ներքին սահմանները պետք է դառնան նրանից անկախացած պետությունների սահմաններ։ Ուստի դրա վերաբերյալ պնդումը չպետք է միանշանակ ընդունել, ու անհրաժեշտ է դիվանագիտական դաշտում հակընդդեմ գործիքներ կիրառել։

Բացի դրանից, ՀՀ Սահմանադրության 205 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցությանը, ինչպես նաև ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:

Սակայն իշխանությունները, ինչպես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, պատրաստվում են ստորագրել այդ հակահայկական փաստաթուղթը՝ անտեսելով տարածքային փոփոխությունների դեպքում նախատեսվող հանրաքվեի պահանջը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր