211652_close_icon
views-count4135 դիտում article-date 18:49 24-05-2021

Հինգ հոգի հետապնդում էին ինձ․ Կոբյալկոն՝ Մելիքյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին. Armsport.am

Երևանի «Փյունիկի» ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոն մեկնաբանել է թիմի մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ տեղի ունեցած միջադեպը։

Ռուս ֆուտբոլիստը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Чемпионат»-ին, հայտնում է Armsport.am-ը:

– Ինչո՞ւ լավ հարաբերություններ չստացվեց մարզչի հետ:
– Ես և Մելիքյանը ըստ էության հասակակիցներ ենք. Ես 35 տարեկան եմ, նա՝ 41: Չեմ հասկանում, թե ինչու մենք իրար չհասկացանք:

– Ինչպե՞ս սկսվեց ձեր վիճաբանությունը:
– Մենք անընդմեջ երկու հաղթանակ տարանք: Առաջին հանդիպումը լավ խաղացի, երկրորդը, գուցե ոչ այնքան, որքան ցանկալի էր: Բայց ամենակարևորը՝ մենք երկու հանդիպումներում էլ հաղթեցինք: Մելիքյանն ինձ ասաց. «Ես ուզում եմ փորձել մեկ այլ հարձակվողի»: Ես նրան ասում եմ՝ «Դա ընդհանրապես հարց չէ»: Մելիքյանը ինձ թույլ տվեց տասը րոպեով մասնակցել խաղերից մեկին․ իր իրավունքն է: Հաջորդ հանդիպումը խաղում ենք հիմնական մրցակցի` «Արարատի» հետ. ես երկու տարի էի անցկացրել այս թիմում: Եվ հետո նա, 0: 0 հաշվի ժամանակ, որոշեց դուրս բերել ինձ դաշտ 88-րդ րոպեին: Ես արժանի չէի այդպիսի վերաբերմունքի: Ես մեծահասակ ֆուտբոլիստ եմ, 35 տարեկան եմ: Բայց փոխարինման դուրս գալ 88-րդ րոպեին իմ նախկին ակումբի դեմ խաղում… Այո, նա մարզիչ է և դրա իրավունքն ունի: Չեմ կարծում, որ նա դա միտումնավոր է արել:

– Դուք հրաժարվեցի՞ք փոխարինման դուրս գալուց:
-Պարզապես դժկամությամբ դա արեցի: Նրանք մոտեցան ինձ և ասացին. «Կոբյալկո, պատրաստվիր»: Եվ այդ պահին ես ինչ-որ մեկի հետ էի խոսում: Հետո Մելիքյանը եկավ. «Վերջ, դու այլևս չես խաղում իմ թիմում»:

– Ի՞նչ պատասխանեցիք:
– «Փառք Աստծո, չեմ ուզում խաղալ քեզ մոտ»:

– Նրան դուր չի՞ եկել, որ դուք չցանկանալով եք փոխարինման դուրս եկել:
– Հավանաբար:

– Ինչպե՞ս զարգացան հետագա իրադարձությունները:
– Դեռ վերջնական սուլիչը չէր եղել, նա սկսեց ինձ վիրավորել: Ասում է. «Ինչո՞ւ ես ծաղրում ինձ: Ինչպե՞ս ես խոսում ինձ հետ»:

– Վիճաբանությունը շարունակվե՞ց հենց խաղի ընթացքում:
– Ես պատասխանեցի. «Լավ, կխոսենք»: Բայց այդ պահին նա վիրավորեց մայրիկիս:

– Ի՞նչ ասացիք։
-Ես նրան պատասխանեցի. «Օoօ՜, վերջ, ես քեզ սպասում եմ հանդերձարանում»: Նա խոստացավ գալ: Ես նրան սպասում էի 20-30 րոպե, բայց նա չեկավ:

-Ակումբում որոշեցին ձեզ հրաժեշտ տա՞լ։
-Երկու օր հետո զանգահարեցի գլխավոր տնօրենին, քննարկեցինք ամեն ինչ, կարգավորեցինք ֆինանսական խնդիրները: Ես սպասում էի մինչև կփոխանցեին գումարներս: 20-ին տոմսերը վերցրեցի: Այդ օրը թիմը խաղում էր «Շիրակի» դեմ: Խաղից առաջ ես եկա մարզաբազա  հրաժեշտ տալու թիմին:

– Երբ նա ձեզ վիրավորեց, ինչ-որ մեկը լսե՞լ է դա:
– Բոլորը, նույնիսկ երկրպագուները: Գլխավորը, որ լսել եմ ես: Նա թատերական, հուզական մարդ է, ուստի շատ բարձր արտահայտվեց:

– Ի՞նչ էիք ցանկանում ի սկզբանե անել հանդերձարանում նրա հետ՝ խոսե՞լ, թե՞ բռունցքների անցնել:
– Երբ մարդն ասում է նման անընդունելի բաներ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր տղամարդ ի պատասխան ինչ-որ կերպ պետք է պատժի:

– Ի՞նչ է նշանակում «պատժել»:
– Ես չգիտեմ. նա չափահաս տղամարդ է, կարող էր ասել. «Ես կովկասցի մարդ եմ, կարող եմ ինչ-որ բան էմոցիոնալ ասել, հազար անգամ ներողություն եմ խնդրում»: Միգուցե ամեն ինչ այլ լիներ:

– Դուք ասացիք, որ եկել եք թիմին հրաժեշտ տալու: Որտեղ է դա տեղի ունեցել:
– Ավտոբուսի դիմաց, բազայում: Տղաներին հաջողություն մաղթելուց հետո հանդիպեցի Մելիքյանին: Ես մոտեցա նրան և ասացի. «Տեսնում եմ, որ մենք չլուծված խնդիր ունենք»: Եվ վերջ: Մենք սկսեցինք զրուցել. «Դուք կարող եք ինձ չսիրել որպես ֆուտբոլիստ, որպես մարդ, բայց վիրավորե՞լ իմ մայրիկին և ինձ … Ի՞նչ իրավունք ունեք դա անել»:

– Ի՞նչ եղավ հետո։
– Մելիքյանն ասաց, որ ես սադրել եմ նրան` չցանկանալով փոխարինման դուրս գալ: Ես պատասխանեցի նրան. «Իսկ դուք ինձ չե՞ք սադրել: Ես մեծահասակ ֆուտբոլիստ եմ, գիտեք, թե ինչպես եմ մարզվում»: Այդ պահով մարզիչը բողոքներ չուներ: Ես մեկ անգամ ևս պարզաբանեցի, թե ես նրան սադրել եմ այնպես՞, որ նա որոշեց վիրավորե՞լ ինձ և մորս: Ասացի ​​նրան, որ նա պետք է ներողություն խնդրի:

– Դուք մի կողմ եք գնացել և խոսե՞լ եք առերես:
– Այո, խաղացողները նստեցին ավտոբուսը, մենք միասին խոսեցինք:

– Դուք ասացիք, որ Մելիքյանը պետք է ներողություն խնդրի, իսկ նա՞:
– Նա՝ «Ոչ, ոչ մի դեպքում»․ Եվ հետո ես արդեն նրան ապտակեցի:

– Դա բավականին ուժ՞եղ ստացվեց:
– Դե, նորմալ: Նա ընկավ, նստեց:

– Ինչո՞ւ որոշեցիք ապտակել:
– Քանի որ նա չի ընդունել իր մեղքը: Նա վիրավորեց մորս ու ինձ բոլորի ներկայությամբ: Նա նույնիսկ ցանկություն չուներ ներողություն խնդրելու: Ինչպե՞ս վարվել այլ կերպ:

– Ի՞նչ եղավ հետո։
– Մարզչի օգնականը հարձակվեց ինձ վրա: Հետո ինքը՝ Մելիքյանը, վեր կացավ, նրանք սկսեցին հետապնդել ինձ, բայց ոչինչ չստացվեց: Հանկարծ մի քանի հոգի էլ վազեցին՝ ինչ-որ աշխատակիցներ: Արդյունքում հինգ հոգի հետապնդում էին ինձ, բայց նրանք չհասցրեցին: Հասկացեք ինձ, ես գլադիատոր չեմ, ես ֆուտբոլիստ եմ: Ինչո՞ւ ես միայնակ կռվի բռնվեի հինգի դեմ: Ես նստեցի տաքսի և գնացի օդանավակայան. թռիչքին մի քանի ժամ դեռ կար:

– Ինչպես ֆիլմերու՞մ: Դուք նստել եք առաջին մեքենան, որը հանդիպե՞լ է, և ասել, որ արագ գնան օդանավակայա՞ն:
– Ոչ, մեքենան արդեն սպասում էր ինձ: Մի մտածեք, թե կռվի էի սպասում: Իհարկե, ես ենթադրում էի իրադարձությունների նման շրջադարձ, բայց դա հաստատ ինքնանպատակ չէր:

Եթե Մելիքյանն իրեն թույլ էր տվել ինձ ուղղված այդպիսի արտահայտություններ, ապա նա ստիպված էր գալ ու պատասխանել բառերի համար: Բայց նա չեկավ:

-Դուք տաքսիում եք: Ի՞նչ եղավ հետո։
– Հասա օդանավակայան: Ես դրեցի իմ ուղեբեռը ժապավենի վրա և սկսեցի անցնել անվտանգության գոտին: Հենց պայուսակներս վերցրի, տեսա՝ կարմիր վերնաշապիկով մի մարդ թռչում է վրաս․ դա Մելիքյանն էր: Նա հարվածեց ինձ ականջիս մոտակայքում: Սկսվեց քաշքշուկը. մենք սկսեցինք նրա հետ հարաբերություններ պարզել, որից հետո հանկարծ մեջքիս կողմից գլխիս հարված ստացա:

– Ո՞վ է հարվածել քեզ:
– Պատկերացում չունեմ. ես տեսա միայն Մելիքյանին ու նրա օգնականին: Հետո ոստիկանությունը վազեց, բաժանեց մեզ և տարավ ոստիկանության բաժին: Այնտեղ ես անմիջապես ասացի. «Տղաներ, ես ոչ մի բողոք չունեմ»:

– Ինչո՞ւ որոշեցիք բողոք չգրել:
– Ինչպե՞ս կարող եմ ձեզ բացատրել … Ես մեծացել եմ այնտեղ, որտեղ դա չի ընդունվում. Բարնաուլում, ժամանակին ես մեծացել եմ փողոցում: Այստեղ ես ուզում էի տղամարդավարի լուծել հարցը, բայց Մելիքյանը, ըստ ամենայնի, վիրավորված էր, և նա որոշեց պատասխանել։ Թող այդպես լինի. ես իմ հարցը այլ կերպ որոշեցի, ինձ համար անընդունելի է բողոք գրել: Ոչ մի բողոք չունեմ:

– Ի՞նչ եղավ հետո:
– Թռիչքի համար ժամանակ չունեի: Վերադարձա Երևանում վարձակալած բնակարան և մեկ օր էլ անցկացրի Հայաստանում: Հաջորդ օրը ես տուն թռա` Ռուսաստան:

– Հաղորդվում էր, որ Մելիքյանի հետ միասին «Փյունիկի» գլխավոր տնօրենի տեղակալն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Կիմ Առաքելյանն էին …
– Առաքելյանին ես տեսա, երբ ոստիկանության բաժին էի գնում: Նա նոր էր դուրս գալիս այնտեղից: Ասում են՝ նա ինձ ևս ծեծել է, բայց ես նրան չէի տեսել: Ես տեսա մարզիչ Մելիքյանին և նրա օգնականին: Հարձակվողները, դատելով տեսախցիկներից, հաստատ երեքն էին: Մելիքյանը, նրա օգնականը և մեջքից հարվածող տղամարդը: Ո՞վ էր նա՝ գլխավոր տնօրենի տեղակալը, թե՞ վարորդը, չգիտեմ:

– Դուք կրկին հանդիպե՞լ եք Մելիքյանի հետ:
– Ոչ

– Ակումբի՞ց էլ որևէ մեկը չի կապվել:
– Ոչ, իսկ ի՞նչ կարիք կա: Նրանք տվել են իմ գումարը. նրանցից բողոքներ չկան: Նրանք ամեն ինչ ճիշտ արեցին, մենք գեղեցիկ բաժանվեցինք:

 Երբ տաքսի նստեցիք, պատկերացնո՞ւմ էիք, որ հետո հետապնդում է սկսվելու:
– Ես չէի էլ կարող մտածել դրա մասին: Ես հանգիստ գնացի: Ես միայն մտածում էի, որ արեցի այն, ինչ պետք է: Լավ, եթե ինձ բռնեին օդանավակայանի մոտ, ինչ-որ կերպ դա կհասկանայի: Բայց անմիջապես շենքի մեջ … Ուղղակի սարսափելի է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ​SHAMSHYAN.com-ը, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նյութեր էին նախապատրաստվում մայիսի 20-ին, օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
 
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները տեղեկություն էին ստացել, որ մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունեցել ու դրա արդյունքում, ժամը 11:50-ի սահմաններում, գծային բաժին են բերման ենթարկել ՌԴ քաղաքացի, 35-ամյա Անտոն Կոբյալկոյին և Ուկրաինայի քաղաքացի, 42-ամյա Եղիշե Մելիքյանին:
 
Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 11:30-ի սահմաններում, մեկնման սրահում վիճաբանություն էր տեղի ունեցել նրանց միջև, և Ա. Կոբյալկոյին դեմքի հատվածում պատճառվել էր ֆիզիկական ցավ:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր