Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ուժային եռամարտի և հաշմանդամային սպորտի ֆեդերացիաների կազմակերպած «Սեղմում հենարանից» Հայաստանի առաջնությունը. ներկա էր ՀՀ 2-րդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մրցույթին մասնակցել են 100-ից ավել մարզիկներ, որոնց շարքերում կային Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի մասնակիցներ և վիրավորում ստացած, հաշմանդամություն ձեռք բերած մարզիկներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը առաջնությունը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների:
«2017 թվականից անցկացնում ենք ուժային եռամարտի Հայաստանի առաջնություն:
Բացառություն եղավ 2020-ը, որը նախ կորոնավիրուսով պայմանավորված հետաձգվեց, ապա արդեն պատերազմ, հետպատերազմական շրջան:
Սիրտ չկար որեւէ բան անցկացնելու:
Մի փոքր դժվարությամբ եկանք այս որոշմանը, որ չնայած ամեն ինչի, պետք է առաջնությունը կազմակերպել եւ անցկացնել:
Բացի այդ, մեր սպորտային ընկերները մեզ հետ չեն՝ մեկը զոհված է, մյուսն անհետ կորած...
Ամեն դեպքում որոշվեց անցկացնել, որովհետեւ մեր ըկերները՝ Թաթուլը, Արմենը, մյուսները կողմ կլինեին, որ այն տեղի ունենար:
Այս առիթով մրցաշարը նվիրված է մեր ընկերների եւ պատերազմում նահատակված բոլոր հերոսների հիշատակին:
Հայաստանի առաջնությունն անցկացնում ենք երկու կատերագորիայով՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների Հայաստանի առաջնություն եւ սեղմում հենարանից վարժության բաց առաջնություն:
Հաշմանդամություն ունեցող մարզիկների շարքում մասնակցում են նաեւ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած մեր ըկերներն ու եղբայրները, ինչն ավելի է պարտավորեցնում կազմակերպել եւ անցկացնել լավագույն առաջնությունը նրանց համար:
Պետք է կարողանանք այնպես անել, որ մեր հերոս տղաների համար առաջնության մասնակցությունը շարունակական լինի, իրենց համար սպորտի միջոցով նոր իրականության մեջ կյանքին ինտեգրվելու հնարավորություն լինի»,- ասաց Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Քոչարյանը:
Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը կարեւորում է հաշմադնամություն ունեցող մարզիկների համար Հայաստանի առաջնությունը, տարբեր մրցաշարերի կազմակերպումը:
Մրցույթը նվիրված էր Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հերոսներին, որը անց է կացվել միջազգային չափորոշիչներին համապատասխան, բարձր մակարդակով։
Սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնությանը մասնակցեց 100-ից ավել մարզիկ-մարզուհի՝ Հայաստանից եւ Ռուսաստանից:
Բաց առաջնությունն ավելի թեժ ստացվեց: Հատկապես ծանրքաշային կարգերում համառ պայքար էր գնում Հայաստանի ռեկորդ սահմանելու համար:
120 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Միքայելյանը 215 կգ արդյունքով գրանցեց Հայաստանի ռեկորդ:
Տղամարդկանց պայքարում չեմպիոններ դարձան՝ Վաչագան Մակարյանը (59կգ), Արթուր Ավետիսյանը (66), Սեւակ Մանուկյանը (74կգ), Էդգար Հովհաննիսյանը (83 կգ), Դավիթ Մուրադյանը (93կգ), Կարեն Բեգլարյանը (105կգ), Հովհաննես Միքայելյանը (120կգ) եւ Յուրի Կարոգլանյանը (+120 կգ):
Կանանց պայքարում հաղթողներ դարձան՝ Աննա Մխիթարյանը (47 կգ), Մարիա Գրիգորյանը (52 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ), Իրինա Ժիլկինան (63 կգ), Լիլիթ Վարդանյանը (72 կգ), Արփինե Թերմենջյանը (84 կգ) եւ Լուսինե Լոգյանը (+84 կգ):
Մրցումային օրվա բոլոր հաղթողներն ու մրցանակիները, պատվոգրերից եւ մեդալների բացի, ստացան նաեւ դրամական պարգեւներ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի