211652_close_icon
views-count4014 դիտում article-date 23:57 22-05-2021

Պատերազմը Մանուկյաններից խլեց որդուն, իսկ թոռան մասին մինչ օրս որևէ տեղեկություն չունեն» 168.am

Խաղաղության ու երջանիկ օրեր: Արցախում զոհված Դավիթ Մանուկյանը քրոջ որդիների՝ զույգեր՝  Ջիվանի ու Ստեփանի և իր  11-ամյա որդու հետ։ Այն ժամանակ պատերազմ չկար, բոլորն անհոգ էին….

2020 թվականի հոկտեմբերն ամեն ինչ տակնուվրա արեց։ Դավիթն Արարատի զորամասում  պայմանագրային ծառայող էր:  Քրոջ 18-ամյա որդիները, որ ընդամենը 3 ամսվա ծառայող էին՝ Արցախում էին՝ առաջնագծում, և Դավիթը կամավոր մեկնել էր Արցախ՝ կանգնել 18-20 տարեկան զինվորների կողքին․

«Ասաց՝ պապ, ընդեղ 18 տարեկան երեխեքն են կռվում, ես պախկվեմ տան մեջ՝ ի՞նչ անեմ»։

Ռուսաստանի Դաշնությունում գտնվող հոր հետ Դավիթը զրուցել էր պատերազմը սկսվելուց երկու շաբաթ հետո և հենց նույն օրը մեկնել առաջնագիծ: Դավթի մայրը՝ Ամալյան Մանուկյանը, պատմեց նաև, որ որդու Արցախ մեկնելուց  մի քանի օր հետո՝ հոկտեմբերի 19-ին,  լուր են ստացել, որ աղջկա որդիները՝ Ջիվանը և Ստեփանը, վիրավորում են ստացել:  Ստեփանին տեղափոխել էին Երևան, իսկ Ջիվանից տեղեկություն չունեին, հայտնում է 168.am-ը:

«Զանգեցի իրեն, ասացի՝ Դավիթ ջան, Ջիվանիկից ի՞նչ կա, գուցե գիտեք՝ ինձ չե՞ք ասում, որովհետև գալիս տանը իրար մեջ խոսում էին, դուրս էին գալիս, ես ոչ մի բան չէի իմանում, բայց զգում էի իմ մեջ, որ երեխուն բան է եղել։ Հոկտեմբերի 19-ին զանգեցի Դավթին, ասեցի՝ խնդրում եմ, Դավիթ ջան, ասա տեսնեմ, ի՞նչ է եղել Ջիվանին, բա մամ, ոչ մի բան, էլ չզանգես ինձ։ Մեզանից գաղտնի գնացել էր երեխուն ման գալու․․․»,-  պատմեց Դավթի մայրը։

Դավիթը հոկտեմբերի 21-ին մարտի դաշտում քաջաբար զոհվում է, իսկ նրա քրոջ որդուց՝ Ջիվանից, մինչ օրս  ոչ մի տեղեկություն չկա։ Դավթի ծնողները պատմեցին, որ ամեն տեղ՝ հիվանդանոցներում, դիահերձարաններում, գերիների ցուցակներում փնտրել են Ջիվանին, սակայն ապարդյուն։ Մնացել է վերջին տարբերակը՝ ԴՆԹ թեստ հանձնել, եթե իրենց թոռը զոհվել է, գուցե մասունքներ հանձնեն իրենց։ Սակայն այստեղ հաջորդ՝ ավելի մեծ հարվածն է հասցվել հարազատներին։

Ջիվանը և Ստեփանը 10 տարի առաջ կորցրել էին իրենց հորը, 2 տարի առաջ էլ մահացել էր  մայրը, իսկ ԴՆԹ-ն 100 տոկոս համընկնում է միայն ծնողների հանձնած թեստի արդյունքում։

«Գոնե Ջիվանիկից մի ոսկորի կտոր բերեն տան, ասեն՝ էսի Ջիվանի ոսկորն է, հանգիստ լինեմ ես, որովհետև ամեն իրիկուն երազում տեսնում եմ իրա մորը, իրան, տանջվում եմ, որ երեխուն չեմ կարում գտնեմ, գոնե տանեմ մոր կողքին թաղեմ, իմանամ, որ ես էլ եմ հանգիստ, մերն էլ հանգիստ կլինի»,- արցունքն աչքերին ասաց Դավթի մայրը։

Զույգ եղբայրներից մեկը՝ ողջ մնացած Ստեփանը,  եղբոր՝ Ջիվանի համար ԴՆԹ հանձնել է, բայց․

«Ասել են՝ 15 կետից ընդամենը մի քանի կետ է բռնում, հիմա ամուսինս որոշել է, որ դիմի նախարարություն, գան աղջկաս գերեզմանը քանդեն, ոտքի մասից մի քիչ մասնիկ տանեն, այդ ձևով կարողանան գտնեն․․․»։

«Անհայտ կորածի ցավն ավելի  մեծ է, քան․․․ բերեմ հողին տամ, գիտեմ, որ շաբաթը մեկ, ամիսը մեկ, տարին մեկ կեթամ, կնստեմ, կլացեմ, կնստեմ կողքը, գիտեմ, որ էդտեղ ա․ էդ անհետ կորածն անտանելի ա․․․։ Իմ ցավը մենակ էն ա, որ էդ երեխուն գտնեն՝ տան ինձ, ոնց տան՝ ես համաձայն եմ, մենակ գտնեն՝ տան ինձ»,- ասացին Դավթի ծնողները։

Նմանատիպ նյութեր