211652_close_icon
views-count1980 դիտում article-date 21:49 21-05-2021

Ողջունում ենք հրատապ քննարկումների արդյունքում ԵԽ կողմից ընդունված բանաձևը․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ողջունում ենք հրատապ քննարկումների արդյունքում Եվրոպական խորհրդարանի կողմից մայիսի 20-ին ընդունված բանաձևը, որում Եվրոպական խորհրդարանը պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ և դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Բարձր ենք գնահատում այս կարևոր հումանիտար հարցի լուծմանն ուղղված Եվրախորհրդարանի անդամների զգալի մեծամասնության ջանքերը՝ շարունակական ճնշման միջոցով ապահովելու Ադրբեջանի կողմից սեփական միջազգային հանձնառությունների, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Ժնևյան կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների կատարումը։ Այս բանաձևը զգալիորեն կնպաստի հայ գերիների հայրենադարձմանն ուղղված միջազգային հանրության հավաքական ջանքերին։

Գոհունակությամբ ենք նշում, որ բանաձևում մեծ նշանակություն է տրվում Արցախի անվտանգությանը և ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը: Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի այն պնդումը, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման համար պարտադիր սկզբունքներ են ժողովուրդների հավասար իրավունքներն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։

Ողջունում ենք նաև Եվրախորհրդարանի կողմից մայիսի 19-ին ընդունված բանաձևը, որով ԵՄ-ին և նրա անդամ երկրներին կոչ է արվում «ռասիստական աջ ծայրահեղական» «Գորշ գայլեր» շարժումը դասակարգել որպես ահաբեկչական, ինչպես նաև արգելել այդ շարժման միությունների ու կազմակերպությունների գործունեությունը ԵՄ անդամ երկրներում: Բանաձևն էական քայլ է տարածաշրջանում ծայրահեղականության և ռասիզմի դեմ պայքարում։ Այն նաև հստակ և կարևոր ուղերձ կլինի վտարյալ պետություններին առ այն, որ միջազգային հանրությունը դիմակայում է նրանց ցեղասպան քաղաքականությանը»։

Նմանատիպ նյութեր