211652_close_icon
views-count1574 դիտում article-date 19:30 21-05-2021

Երևանի օլիմպավանի ՝ բռնցքամարտի դահլիճը լիովին ապրում է մարզական հևքով

Հաճելի է ականատես լինել Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզումներին: Այս օրերին Երևանի օլիմպավանի ՝ բռնցքամարտի դահլիճը լիովին  ապրում է մարզական հևքով: Թիմի յուրաքանչյուր մարզիչ հստակ գիտե իր անելիքը:

Մարզումների ընթացքին ուշադրությամբ հետևում է գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը: Դեռևս  օլիմպիական վարկանիշային մրցաշար չմեկնած նա մտովի կարծես մրցավայրում է ու լավ գիտե սաներից յուրաքանչյուրի անելիքը: Ռ. Մեհրաբյանը անհատական մոտեցում է ցուցաբերում  հատկապես Փարիզ մեկնողների նկատմամբ:

Հետևելով պարապմունքի ընթացքին, մանավանդ, եթե հայտնի է առաջիկա մրցման նշանակությունը, զգում ես, որ տղաները խիստ կարևորում են Լոնդոնում անավարտ մնացած վարկանիշայինի փարիզյան շարունակությունը: Այս մասին զրույցում ասաց նաև թիմի ղեկավարը:

- Տղաները ժամ առաջ են ուզում մտնել ռինգ, լիովին բացահայտել իրենց ունակությունները, ճակատամարտել օլիմպիական ուղեգրի համար ու բարձր տրամադրությամբ  վերադառնալ երկիր, - նշեց Ռ.Մեհրաբյանը: -  Ծաղկաձորում նպատակային պարապմունքների շնորհիվ, ինչպես ասում են, տղաների ֆիզպատրաստականությունը լիովին տեղն է ընկել:Երևանյան մարզումներում կարևորում ենք տեխնիկատակտիկական որակների հղկումը:Չենք դժգոհում, քանզի թիմը պարապում է լիակատար նվիրվածությամբ:Չեմ կարող ասել թե ինչպիսի կլինի արդյունքը,բայց որ մեր յուրաքանչյուր մարզիկ ցանկանում է նույնիսկ անկարելին անել ու դառնալ օլիմպիական՝ փաստ է. . .   

Նշենք , որ  դեռևս լոնդոնյան ստուգատեսում ուղեգիր նվաճած Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ / Փարիզում  պայքարը կշարունակի  մրցաշարի  հաղթողի պատվին արժանանալու, իսկ մյուսները ՝ Հովհաննես Բաչկովը / 63 կգ /, Արման Դարչինյանը / 75 կգ /, Գոռ Ներսիսյանը / 81 կգ /,  Նարեկ Մանասյանը / 91 կգ / , Գուրգեն Հովհաննիսյանը / գերծանրքաշ / և Անի Հովսեփյանը / 69 կգ /  կմրցեն   հատկապես  բաղձալի ուղեգիր ստանալու համար:

ՀՀ հավաքականը մրցավայր կմեկնի հունիսի 1 –ին:

Նմանատիպ նյութեր