211652_close_icon
views-count2557 դիտում article-date 23:48 20-05-2021

Արմեն Գևորգյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին. պաշտպաններ

Քիչ առաջ դուրս եկանք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։ Պարոն Արմեն Գևորգյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել որևէ հարցի՝ որակելով մեղադրանքը քաղաքական և ակնհայտ ապօրինի։ Այս մասին ասված է Արմե Գևորգյանի իրավապաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի և Լուսինե Սահակյանի տարածած հայտարարության մեջ:

«Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Արմեն Գևորգյանը սկզբունքային գտնվելով իր դիրքորոշմանը որևէ դատավարական փաստաթղթի չի ծանոթացել և ոչ մի որոշում, արձանագրություն չի ստորագրել։ Իսկ ինչ վերաբերում է վարույթի ընթացքում պատշաճ վարքագծի դրսևորմանը, ապա պաշտպանական կողմը հայտարարել է, որ Արմեն Գևորգյանը այսօր երկու անգամ վարույթն իրականացնող մարմնի կանչով պատշաճ ներկայացել է և որևէ խուսափողական գործողություններ չի կատարել և չի պատրաստվում կատարել։

Ավելին՝ վերջինս պատրաստվում է մնալ ՀՀ-ում և իր ամբողջ ներուժը դնել Հայ ազգի արժանապատվությունը բարձր պահելու և կատարելու հնարավորինն ու անհնարը, որպեսզի յուրաքանչյուր Հայորդի հպարտանա իր ազգի համար»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի`հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար:

«Ըստ մեղադրանքի՝ իբրև իմ հարազատների, բարեկամների մի շատ գույքեր ինձ են պատկանում, բայց այդ ժամանակ մեղադրանք չի առաջադրվել, կարծում եմ նաև քննությունն է հասկացել, որ դա աբսուրդի ժանրից է, բայց իրենք նաև բոլոր գույքերի վրա կալանք են դրել: Մենք փորձել ենք մեր իրավունքները պաշտպանել և դիմել ենք դատական ատյանների, բոլոր դատական ատյանները այս պահի դրությամբ քննիչի համապատասխան որոշումը ճանաչել է ապօրինի և բեկանել է»,- ավելի վաղ ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշել էր Գևորգյանը և հավելել, որ իրեն որոշել են մեղադրանք առաջադրել, որպեսզի այդ գույքերի վրա կալանք դրվի, խափանման միջոց ընտրեն, որով խաթարեն իր գործունեությունը որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

Նմանատիպ նյութեր