211652_close_icon
views-count4468 դիտում article-date 16:17 20-05-2021

ՍԴ դիմող սուբյեկտները ՍԴ–ին քննադատելու, առավել ևս «դասեր տալու», ՍԴ որոշումը հակասահմանադրական անվանելու լիազորություն, մանդատ, բարոյական իրավունք չունեն․ ՍԴ դատավորները՝ Դատախազությանը. Tert.am

Tert.am-ը գրում է. «Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որ Սահ­մա­նա­դր­ական դատարանը կամայականորեն մերժել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը՝ հակասելով իր նախկին դիրքորոշմանը։ Ակնկալվում էր, որ Սահմանադրական դատարանը պետք է անմիջապես պա­տաս­խաներ ՀՀ գլխավոր դատախազության հիշյալ կոշտ քննադատությանը, սակայն, այդպես էլ որևէ տեղեկատվություն չտարածվեց, ուստի, փորձեցինք զրուցել Սահմանա­դրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի հետ՝ նրանց մոտեցումները պարզելու համար։

- Պարոն Թովմասյան, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն՝ վերջնարդյունքում 2020 թվականի հակասահմանադրական փոփոխություններով կազ­­մաքանդեց գործող Սահ­­­­մանադրական դատարանը, դադարեցվեց նաև Ձեր՝ որպես Սահ­­մանադրական դա­տարանի նախագահի, լիազորությունները։ Սակայն արի ու տես, որ  Սահ­­մանադրական դա­տարանի գործող կազմի ընդունած որոշումներից էլ դատախազությունը  գոհ չէ, ինչպես կմեկնաբանեք։
 

- Նախ և առաջ, թույլ տվեք անել երեք արձանագրում,  դատախազության և որոշ այլ պաշտոնյաները ենթադրաբար ցանկություն ունեն ունենալու հլու հնազանդ դատարաններ, և, ուստի ցանկացած դատական ակտ, որը հաճո չէ իրենց քիմքին ընդունվում է սվիններով կամ նման որոշումներ կայացրած դատավորները ենթարկվում են հետապնդումների, օրինակները բավականին շատ են։ 
 

Երկրորդ, եթե  նախկինում Բարձր դատարանի նկատմամբ քննադատությունները ներկայացվում էին ինստիտուցիոնալ բարեփոխումների շղարշի ներքո, ապա այժմ ամեն ինչ շատ ավելի հստակ է՝ թիրախավորվում է ինքնին դատական ակտը՝ դրա ոչ հաճո լինելու հիմքով: Թեև հասկանալ կարելի է, ի վերջո դժվար է ինստիտուցիոնալ բարեփոխումները հաջողած համարելուց հետո կարճ ժամանակ անց կրկին խոսել համանման բարեփոխումների անհրաժեշտության մասին:
 

Եվ երրորդ, հարկ է նկատել, որ դատախազության գործելաոճով վերջին մեկ տարում էական «դրական» փոփոխություններ են արձանագրվել։ Ընդամենը մեկ, մեկուկես տարի առաջ դատախազության և ոչ միայն նրա համար Սահմանադրական դատարանի  ոչ հաճո որոշումներին հաջորդեց Սահմանադրական դատարանի նախագահի, նրա ազգականների, սանիկների նկատմամբ քրեական գործերի հարուցումը, Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության հրավիրելը, ոստիկանության դիմակավորված ծառայողներով Սահմանադրական դատարանի նախագահի բարեկամներին բերման ենթարկելը, ապա այժմ ՀՀ գլխավոր դատախազությունը սահմանափակվում է քննադատական հայտարարություն տարածելով։ 

 

Ինչ վերաբերում է հարցի բովանդակային մասին, ապա թերևս մի պատմություն պատմեմ.

Մակեդոնացին դեպի Աքեմենյան Պարսկաստան արշավանքից առաջ նամակ է գրում Դարեհ III–ին,  և առաջարկում հանձնվել, հակառակ պարագայում սպառնում, որ հողին կհավասարեցնի Պարսկաստանը։ Դարեհ III-ը ի պատասխան այս նամակի  Մակեդոնացուն է ուղարկում՝ գնդակ, ճիպոտ և մեկ պարկ ոսկի։ Սա խորհրդանշական  պատասխանն էր  Դարեհի՝ Մակեդոնացու, որ դու շատ փոքր ես, գնա և գնդակով խաղա,  ճիպոտը նրա համար էր, որ քեզ վատ են դաստիրակել, քեզ չեն սովորեցրել մեծերի հետ խոսել, և երրորդը՝ ոսկի նշանակում էր, որ դու ագահ ես։ Կարծում եմ այդ օրինակը բավականին տեղին է, միայն  ոսկու փոխարեն դատախազություն կարելի է ուղարկել սահմանադրական վերահսկողությանը նվիրված որևէ մենագրություն։    

Իսկ վերջում, թերևս անեմ ամենակարևոր արձանագրումը, որի մասին առիթ ունեցել եմ խոսել: Աշխարհում բազմաթիվ են այն ավտորիտար, տոտալիտար երկրները, որտեղ իշխանության տարբեր պաշտոնյաներ սվիններով են ընդունում Սահմանադրական կամ առհասարակ որևէ դատարանի այս կամ այն որոշումը, թիրախավորում են դատարանները: Դեպի ժողովրդավարություն անցման փուլում նրանց պաշտոնավարման վախճանը բավականին դաժան է լինում,  իսկ այդ անցման տեղի չունենալու և  դատական իշխանության նկատմամբ ոտնձգությունների տևականության դեպքում ականատեսը կարելի է լինել տարբեր արհավիրքների, քաոսի, ինչու ոչ՝ պետականության կործանման: Ցավոք սրտի, Հայաստանը ևս բացառություն չեղավ: Առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցողը ինքնուրույն երևույթ չէ, այն փոխկապակցված է երկրի համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ երևույթների հետ: Ու ցավոք սրտի, Արցախյան հարցի շուրջ զարգացող իրադարձությունները միայն հավաստեցին իմ այդ կանխատեսումները, որ Սահմանադրական դատարանը կազմաքանդելուց հետո կորցնելու ենք Արցախը։ Եվ եթե այդ ամենից դեռևս դասեր չեն քաղվել, ապա կրկին ցավով պետք է արձանագրեմ, որ մենք շարժվում  ենք ոչ թե մեր երկրի առջև ծառացած ծանրագույն խնդիրների լուծման, այլ՝ դրանց խորացման ճանապարհով:

- Տիկին Պետրոսյան, Դուք մասնակցե՞լ եք ՀՀ գլխավոր դա­տա­խա­­զի ս.թ. ապ­րի­լի 1-ի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի աշխատա­կար­գա­յին որոշ­ման կայացմանը։ Կիսո՞ւմ եք արդյոք այդ որոշման վերաբերյալ ՀՀ գլխավոր դա­տա­խազության գնահատականը։ Փաստորեն Ռոբերտ Քոչարյանին առնչվող դի­մում­նե­րի հիման Սահմանադրական դատարանի կայացրած որոշումները բոլոր դեպ­քե­րում չեն մնում ան­ար­ձագանք։

- Բնականաբար, մասնակցել եմ ՀՀ գլխավոր դա­տա­խա­­զի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման կայացմանը։ Եվ Սահ­մա­նադրական դատարանի կողմից օբյեկտիվ, սահմանված կարգով որոշում կա­յաց­նելու համար հանդես եմ եկել ինչպես միջնորդությամբ՝ դնելով Սահմանա­դրական դա­­տարանի դատավոր Վահե Գրիգորյանի տվյալ գործի քննությանը մասնակցելու ան­հնա­րի­նության հարցը, այնպես էլ որոշման վերաբերյալ ներկայացրել եմ կոնկրետ առա­­ջար­կություններ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


 

 

Նմանատիպ նյութեր