211652_close_icon
views-count2984 դիտում article-date 10:47 20-05-2021

Հայդուկական շարժման ժամանակն անցել է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հավանաբար, Հայաստանում եւ արտերկրի հայկական շրջանակներում կան անհոգ տրամադրություններ ունեցող մարդիկ, որոնք կարծում են, թե Սյունիքում պատերազմի բռնկման վտանգ չկա, եւ Ալիեւի սպառնալիքները՝ «բացել Զանգեզուրի միջանցքը»՝ անհրաժեշտության դեպքում նաեւ ուժ կիրառելով, պարզապես օդի մեջ ասված բառեր են: Բայց Հայաստանում հիմնականում բոլորը, անկախ իրենց քաղաքական հայացքներից, հասկանում են, որ պատերազմի շարունակության վտանգը, այդ անգամ արդեն՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, միանգամայն իրական է:

Կա եւս մի պատրանք, եւ այս մեկը բավականին տարածված է՝ իբր «ռուսը մեզ կօգնի», «պարսիկը չի թողնի» եւ այլն: Դա մոլորություն է. գուցե թղթի վրա, զուտ իրավաբանորեն, մեզ պարտավոր են ռազմական աջակցություն ցույց տալ, բայց զուտ քաղաքական տրամաբանության մեջ դա այսօրվա վիճակում հնարավոր չէ: Այնպես որ Հայաստանի սահմանը անառիկ պահելու պարտականությունը պետք է կատարեն ՀՀ Զինված ուժերը, սահմանապահները: Բայց՝ միա՛յն դրանք, միա՛յն պետությունը ներկայացնող կառույցը: Բոլոր մնացած խոսակցությունները ֆիդայիների, կամավորների եւ հայդուկների մասին առնվազն մեկ դարով ուշացել են: Նման ինքնագործունեության դեմ կարելի է բերել բազմաթիվ փաստարկներ, ես բերեմ դրանցից երեքը:

1/ Մենք տեսանք, թե ինչպես ընթացավ վերջին պատերազմը: Այն, իր գերակշիռ մասով, տեխնոլոգիական էր: Պարզապես հրացանը կամ թեկուզ ինքնաձիգը ուսին գցած «ֆիդային» չի կարող այստեղ որոշիչ դեր խաղալ: Ժամանակակից պատերազմում հակառակորդի կենդանի ուժը եւ զինտեխնիկան նախօրոք տեղորոշվում է (այդ թվում նաեւ՝ տիեզերքից) եւ ոչնչացվում տեխնիկական միջոցներով: Եվ դրա դեմ կիրառվում են պաշտպանական միջոցներ, որոնք նույնպես նման չեն հրացանին եւ ինքնաձիգին:

2/ Հայդուկյան ոճով արտահայտվող մասնավոր նախաձեռնությունը (որքան էլ անկեղծ լինի) միայն խճճելու է իրավիճակը: Մենք արդեն տեսել ենք, որ ինքնագլուխ, առանց կոորդինացիայի գործող ջոկատներն առնվազն որեւէ օգուտ չեն բերել: Որքան էլ անորակ եւ ձախողված լինեն այսօրվա իշխանությունները, պետությանը խանգարել բոլոր դեպքերում չարժե: Իսկ հետագայում Ազգային ժողովը պետք է հստակ օրենսդրություն ընդունի՝ նման դեպքերում պահեստազորայինների եւ մնացածների պետական կառույցներում գործունեության վերաբերյալ: 

3/ Իմանալով այս իշխանությունների, մեղմ ասած, տարօրինակ բնավորությունը, կարելի է կանխատեսել, որ ցանկացած անհաջողության դեպքում վարչապետը մեղքը կգցի նաեւ կամավորների վրա՝ կասի, որ նրանք լավ չէին կռվում, այստեղ զիջել են, այնտեղ փախել են, թասիբը չէր եռում եւ այլն: Ավելի լավ է՝ թող գեներալները մշակեն ռազմական գործողությունները, ցանկալի է՝ առանց Փաշինյանի մոդերացիայի»:

Լուսանկարը՝ Առուշ Առուշանյանի Ֆեյսբուքի էջից

Նմանատիպ նյութեր