211652_close_icon
views-count1639 դիտում article-date 23:32 19-05-2021

Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Մայիսի 19-ին հեռավար ձևաչափով կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, սլովենականը՝ Սլովենիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն, ընդհանուր արտաքին և անվտանգության գլխավոր վարչության տնօրեն Յերնեյ Մյուլլերը:

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-սլովենական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ու փոխադարձ աջակցության հեռանկարներին, տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Անդրադարձ եղավ ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում ԵՄ խորհրդում Սլովենիայի նախագահությամբ անցկացվելիք ԱլԳ գագաթաժողովին, ինչպես նաև՝ Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF Enhancing Human Security) կազմակերպության սոցիալական ծրագրերով Հայաստանին աջակցելու հնարավորություններին։

Կողմերը մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, ծանոթացան տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին։ 

Սլովենական կողմի ուշադրությունը հրավիրվեց հետպատերազմյան իրավիճակում Արցախի հարցի կարգավորման և մարդասիրական աջակցության հարցերին, ինչպես նաև՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացված սադրիչ գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրավիճակին։ Այդ համատեքստում կարևորվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի առանցքային դերը հիմնախնդրի խաղաղ կարգավորման և մասնավորապես՝ կարգավիճակի վերջնական լուծման հարցում։ Առանձնակի ուշադրություն դարձվեց հրատապ հասցեագրում պահանջող ռազմագերիների և հումանիտար աջակցության հարցերին:

Նմանատիպ նյութեր