211652_close_icon
views-count3210 դիտում article-date 14:46 19-05-2021

ՌԴ-ն հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը լուծելու նպատակով պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ

Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման մեկնարկին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 19-ին Դուշանբեում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ մայիսի 18-ին ոչ պաշտոնական ռեժիմով սկսել են ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը, և  հանդիպման ընթացքում դիտարկել են հայ գործընկերների խնդրանքը և այդ խնդրանքին համապատասխան քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները։ 

«Կողմերի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել սահմանազատման եւ սահմանագծման մեկնարկին, ինչպես նաև այդ նպատակով հանդես գալ հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդատու, նաև՝ միջնորդ»,- ասաց Լավրովը։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ:

Նմանատիպ նյութեր