211652_close_icon
views-count2198 դիտում article-date 17:38 18-05-2021

Ճապոնիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ողջունելով հյուրին՝ Ա. Փիլոյանը դեսպանին շնորհավորել է պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկու երկրների համագործակցությունը կշարունակվի, և նոր ձեռքբերումներ կարձանագրվեն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականության կարևորությունը: Ա. Փիլոյանը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի հետ արդյունավետ համագործակցության առումով և շեշտել, որ Ճապոնիայի կառավարությունը գնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության՝ տարբեր բնույթի ճգնաժամերի դեպքում քաղաքացիական դիմակայունության կարողությունների, Փրկարարական ծառայության տեխնիկական հնարավորությունների զարգացման հարցում: Հատկապես սերտ է համատեղ աշխատանքը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency (JICA)) հետ:

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է համագործակցությունը նշված ուղղություններով և պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացմանը նաև այլ ոլորտներում՝ մարդասիրական ծրագրերից մինչև առևտրատնտեսական և մշակութային: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում միասին այցելել Սպիտակ քաղաք, որի կենտրոնական պուրակում 2013թ.-ին տեղադրվել էր խաչքար՝ ի հիշատակ Ճապոնիայի երկրաշարժի զոհերի:

«Հայ և ճապոնացի ժողովուրդներն այս առումով բախտակից են, մենք ապրել ենք նույն ողբերգությունը և այդ խաչքարը մեր ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն է»,- ասել է դեսպան Մասանորին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր