211652_close_icon
views-count5484 դիտում article-date 21:12 17-05-2021

Արցախում զոհված զինծառայողների դիերից վերցված շուրջ 300 փորձանմուշ չի հաջողվել նույնականացնել

Մայիսի 5–ի դրությամբ՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների դիակներից և մասունքներից վերցված շուրջ 300 փորձանմուշ չի հաջողվել նույնականացնել։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ համադրելով գրավոր հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունից ստացված տվյալները։

Ըստ նախարարության՝ մայիսի 5–ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել պատերազմի զոհերի 3752 մարմին և մասունք, որոնցից  70 փորձանմուշ գտնվում է փորձաքննության ընթացքում։ Մինչև մայիսի 4-ը կատարվել է զոհերի դիակի և մասունքի 2875 փորձաքնմուշների դատագենետիկական փորձաքննություն, որոնցից 2580 փորձանմուշ նույնականացվել է։

Հարցին, թե փորձաքննություն իրականացնող ««Դատաբժշկական  գիտագործնական կենտրոնի» կամ  զոհերի ծնողների նախաձեռնությամբ քանի՞ մարմիններ և մասունքներ են ուղարկվել արտերկիր՝ հետազոտության, նախարարությունից հրաժարվել են պատասխանել՝ հորդորելով դիմել քննչական կոմիտեին։

Գերատեսչությունից պարզաբանել են,  որ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ–ը առանց նախաքննական մարմնի որոշման՝ արտերկիր փորձանմուշ չի ուղարկում։

«Ծնողների նախաձեռնությամբ մարմինների և մասունքների՝ արտերկրում ԴՆԹ փորձաքննությունը նշանակվում է քրեական գործի շրջանակներում՝ վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման հիման վրա»,–ասված է մեզ ուղարկված պատասխանում։ ԱՆ–ն հրաժարվել է հայտնել նաև, թե ո՞ր երկրի լաբորատորիաներում է իրականացվել նույնականացումը։

Նախարարությունից հետաքրքրվել էինք նաև, թե եղե՞լ են արդյոք հետազոտված կենսաբանական նմուշներ, որոնց գենետիկ կոդն ակնհայտորեն տարբերվել է ազգային գենետիկ կոդից և ենթադրաբար հանդիսացել է պատերազմում սպանված հակառակորդի մարմին կամ այլ նմուշ։ Այս հարցի առնչությամբ տեղեկատվության տրամադրումը նախարարությունը ևս մերժել է՝ հղում կատարելով նախաքննական գաղտնիքին։

Նշենք, որ բազմաթիվ են դեպքերը, երբ զոհված զինծառայողների ծնողները կասկածի տակ են դրել ԴՆԹ նույնականացման արդյունքների արժանահավատությունը և պահանջել կրկնակի հետազոտություն իրականացնել։

Ոմանք էլ, չվստահելով հետազոտության արդյունքներին, պահանջել են կենսաբանական նմուշներն ուղարկել արտերկիր։ Մեր տեղեկություններով՝ այս ընթացքում զոհերի շուրջ 100 մասունք է արտասահման ուղարկել, քանի որ դրանք չափազանց վնասված են եղել և Հայաստանում առկա սարքավորումներով հնարավոր չի եղել իրականացնել դրանց նույնականացումը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին՝ առողջապահության նախարարությունը մոտ 300 մլն դրամով ԱՄՆ–ից դատագենետիկական նույնականացման հետազոտությունների նոր հոսքագիծ էր ձեռք բերել՝ զոհված զինծառայողների ոսկրերի և նրանց ծնողներից վերցված նմուշների միջև ԴՆԹ նույնականացման հետազոտություններն իրականացնելու նպատակով։

Ուշագրավ է, որ կառավարությունը պատերազմից հետո ԴՆԹ նույնականացման գործընթացի մենաշնորհը տվել է առողջապահության նախարարության ՊՈԱԿ–ին, այդպիսով հնարավորություն չտալով զոհերի հարազատներին նույնականացման կասկածելի արդյունքները ստուգել Հայաստանում գործող այլ լաբորատորիաներում, ուստի ծնողների համար միակ այլընտրանքը դարձել է գենետիկ նմուշններն  արտերկիր ուղարկելը։

Մինչդեռ քչերը գիտեն այս գործընթացի  վտանգների և հնարավոր ռիսկերի մասին։ Բանն այն է, որ գենետիկ նմուշների՝ գենային կոդի փոխանցումը արտերկրում գործող որևէ կազմակերպության կարող է սպառնալ և վտանգել ազգային անվտանգությանը՝ հատկապես կենսաբանական զենքի մշակման տեսանկյունից։

Առհասարակ, ԴՆԹ փորձաքննությունները պետք է իրականացվեն Հայաստանի տարածքում՝ տվյալների բազայի նկատմամբ պետական խիստ հսկողության պայմաններում։

Նմանատիպ նյութեր