211652_close_icon
views-count4760 դիտում article-date 15:00 16-05-2021

Սյունիքում բանակցություններն այսօր վերսկսվել են. մասնակցում է գեներալ Մուրադովը

Սյունիքի մարզի  Խնձորեսկ համայնքի մոտ այսօր` մայիսի 16-ին, շարունակվում են բանակցությունները  Սյունիքի մարզ մտած ադրբեջանցի զինվորականների հետ: Բանակցություններին մասնակցում է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

Նա նշեց, որ բանակցությունները սկսել են 14:00-ից, առավոտվա դրությամբ մարզում իրավիճակը նույնն է:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և, որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ ՊՆ-ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Հիշեցնենք նաև, որ մայիսի 14-ին տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանցիները Ակներ գյուղի վերևի հատված էին առաջացել, որի հետևանքով Գորիս քաղաքն ընկնում է անմիջական նշանառության տակ։

Այսօր ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից:

Նմանատիպ նյութեր