211652_close_icon
views-count10620 դիտում article-date 23:37 15-05-2021

Ցավոք, մենք միայն հարազատի կորստից հետո ենք սկսում գնահատել այն ամենը, որ ապրել ենք նրա հետ

Պատուհանից ներս թափանցող արևի շողերն այնպես հետաքրքիր են արտացոլվում Հայկուհու աչքերում, որ ինչ-որ պահի ինձ թվում է՝ Բենիամինն էլ է մասնակցում մեր զրույցին իր լուսավոր, հրեշտակային ժպիտով:

Բենիամին Նալբանդյանը, որ հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, Նալբանդյանների ընտանիքի երրորդ զավակն էր՝ քույրերից՝ Հայկուհուց ու Լուսինեից հետո։ Հայկուհին ոգևորված է պատմում, թե ինչպես վեց տարեկանում, եղբայր ունենալու լուրն իմանալուց հետո, ցանկանում էր ամեն բան ճիշտ անել, որ լավ օրինակ դառնար փոքրիկի համար, ում որոշել էր տալ «Միքայել» անունը, որ իրենց տանն էլ լինի ազգային, հեղափոխական գաղափարներով տոգորված Միքայել Նալբանդյան։ Բայց իրագործվում է հայրիկի ցանկությունը։ 2001-ին ծնված որդուն նա կնքում է հոր անունով՝ Բենիամին, ինչը բնավ չի խանգարում նրան հենց ազգային գաղափարներով էլ սնել ու դաստիարակել։

1990-ականներին Նալբանդյանների ընկերների ու հարազատների մեջ չկար այնպիսի ընտանիք, որ չունենար կամ Արցախյան ազատամարտի մասնակից կամ զոհված հարազատ։ Դա Բենիամինին անվերջ մտորելու և եզրահանգումներ անելու առիթ է տվել։ «Իսկ այսօր արդեն նա մեզ բոլորիս թողեց անընդհատ մտածողի ու հարցեր տվողի կարգավիճակում, որովհետև շատ հարցեր կար, որոնց պատասխանը հենց ինքը պիտի տար։ Այժմ իմ կյանքի տարբեր պահերի ես պատկերացնում եմ՝ ինչ կասեր ու կաներ եղբայրս, եթե կողքիս լիներ։ Նա ամենածանր վիճակում անգամ լուռ լսում էր և վերջում ընդամենը մեկ միտք էր արտահայտում, որն ինձ իրապես հանում էր ստեղծված իրավիճակից։ Եվ ես ամեն անգամ զարմանում էի, թե ինչպես էր դա հաջողվում այդ պատանյակին։ Ես նրանից շատ բան եմ սովորել, և այդ ամենի մասին սկսել եմ մտածել նրան կորցնելուց հետո միայն, ու ամեն օր ավելի շատ եմ զգում իր իմաստուն ներկայության կարիքը։ Ցավոք, մենք միայն հարազատի կորստից հետո ենք սկսում գնահատել այն ամենը, որ ապրել ենք նրա հետ»,- խորհրդածում է Հայկուհին։

Նա ասում է, որ Բենիամինը խելացի երեխա է եղել և հետաքրքրասեր, գրքասեր պատանի, որ հստակ գիտեր իր անելիքը։ Նրա բոլոր երազանքներն ուղղված էին մարդ արարածին երջանկություն պարգևելուն։ Բենիամինը նաև անպատմելի ծնողասեր էր։ Հայկուհին ժպիտով է փոխանցում նաև, որ իրեն Բենիամինը մեծ քրոջ պես էր սիրում, իսկ Լուսինեին՝ եղբոր, ում հետ կարող էր անել ամեն տեսակի չարաճճիություն։

Մինչ Բենիամինի երեք տարեկան դառնալը Նալբանդյաններն ապրել են Ստեփանակերտում։ Երևան տեղափոխվելը, սակայն, ոչ մի կերպ չի խանգարել Բենիամինին սիրել և մտահոգվել իր հարազատ Արցախ աշխարհի համար։ Հայկուհին նկատում է, որ եղբայրը միշտ կրկնում էր՝ պատերազմն անխուսափելի է, հետզհետե փոխվող աշխարհում հնարավոր չէ, որ Արցախի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով։ Հայկուհին խոստովանում է՝ երբ Բենիամինի վեցամսյա ծառայությունից հետո իմացան, որ այն պիտի շարունակվի Արցախում, սկզբում անհանգստացան, բայց Բենիամինը ծիծաղելով ասաց՝ ինչից եք նեղվում, հետ եմ գնում իմ ծննդավայր, որ վաղ թե ուշ պիտի անեի։ Հայկուհին հիշում է, որ Բենիամինը շատ դրական էր տրամադրված իր հետագա ծառայությանը։ Նախորդ վեց ամիսներին նա Լուսակերտում ձեռք էր բերել հրետանավորի մասնագիտություն՝ հետևակի մարտական մեքենայի հրամանատար էր։ Եղբայրը չէր ուզում ծառայության տարիներն անիմաստ անցկացնել, կարծես գիտեր, որ առաքելություն ունի իրագործելու։

Հայկուհին պատմում է, որ պատերազմի ընթացքում Բենիամինն այնպես էր խոսում իրենց հետ, կարծես ինքը չէր գտնվում պատերազմական իրավիճակում։ Նա ամեն մեկի հետ գտնում էր զրուցելու համապատասխան թեմա։ Հայկուհու հետ խոսում էր նորածին դստրիկից՝ Արփիից, որին մի անգամ էր տեսել՝ պատերազմից մեկ շաբաթ առաջ, հայրիկի հետ խոսում էր ֆուտբոլային թեմաներից, իսկ մայրիկին ասում էր, որ ամեն բան լավ լինի, որ ամեն գնով պիտի պահեն ունեցածը, դեռ մի բան էլ Արևմտյան Հայաստանն են հետ բերելու։

Հետագայում պարզվում է, որ պատերազմի ընթացքում Բենիամինը շնորհավորել էր իր բոլոր ընկերների ծննդյան տարեդարձերը, և դա այն դեպքում, երբ հրետանին աշխատել է ամբողջ ծավալով և ամենավտանգավոր գոտիներում։ Այսօր Հայկուհին կարողանում է եղբոր սխրանքների մասին տեղեկություններ իմանալ նրա մարտական ընկերներից և նրանց դիվիզիային միացած կամավորներից։ Նրանից մեկը, որ եղբոր հետ է եղել մինչև վերջին օրը, պատմել է, որ հրամանատար Բենիամինը, կամավորներից երկու-երեք անգամ փոքր լինելով, ամեն անգամ թաքնվելու հրաման ստանալիս վերջինն էր մտնում թաքստոց և դուրս գալիս առաջինը։ Նա իրեն ավելի հանգիստ էր զգում, երբ բոլորը ապահով էին։ Հայկուհին անասելի ցավով է ընդգծում, որ հոկտեմբերի քսանհինգի լուսադեմին էլ, եթե չլիներ սերժանտ եղբոր անձնազոհ կեցվածքը, գուցե այս ամենը չլիներ․ կրկին որոշել էր վերջինը մտնել թաքստոց…

Դառը, անասելի դառը իրականությունից ցրվելու համար սկսում ենք զրուցել Բենիամինի մասնագիտական ընտրությունից։ Հայ-ռուսական համալսարան ընդունված երիտասարդը պետք է դառնար ծրագրավորող։ Դասախոսները համոզված էին՝ նրան լավ ապագա է սպասվում։ Բենիամինը որոշել էր՝ կայուն աշխատանք ունենալուց հետո անպայման զբաղվելու է նաև մանկավարժական գործունեությամբ։ Հայկուհին նկատում է, որ ծնողները՝ ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գառնիկ Նալբանդյանը և բժիշկ-ստոմատոլոգ Կարինե Աղաբեկյանը, միշտ աշխատանքին զուգահեռ նաև դասավանդել են, ինչպես երազում էր նրանց որդին։

Ապրիլյան պատերազմից հետո Բենիամինը շատ կապված է եղել «Զինվորի տուն» կենտրոնի հետ։ Անգամ որպես կամավոր մասնակցել է շինարարական աշխատանքներին։ Արդեն կենտրոնի բացումից հետո ընկերների հետ հաշմանդամ զինծառայողների համար գրքերի քննարկում են կազմակերպել։ Նա հասկացել էր՝ նյութականը երկրորդային է, տղաները գնահատվելու, շփման կարիք ունեն։ Ուստի համոզված էր՝ նոր սերունդը պիտի ծանոթ լինի պատերազմի բովով անցած և կենդանի մնացած այդ երիտասարդներին։ Բենիամինը նաև ցանկանում էր, որ կենտրոնն ունենա լավ ընթերցասրահ, որ այդ տղաներն անընդհատ կարդան, զարգանան և այնտեղից դուրս գալուց հետո հեշտությամբ աշխատանք գտնեն։ Հենց այս ամենը հաշվի առնելով՝ Նալբանդյանները ցանկանում են «Զինվորի տանը» մոտ ապագայում Բենիամինի անունով ընթերցասրահ բացել։

Հայկուհին եղբորը բնութագրում է որպես աննկարագրելի լավատես մարդու, որ ամեն ինչի մեջ լույս էր տեսնում՝ ի տարբերություն իրենց այժմյան վիճակի։ Երևի պատճառն այն է, որ նրանց լույսը հենց Բենիամինն էր։ Ուստի անգամ ամիսներ անց Հայկուհին շարունակում է ամենուր եղբոր հայացքը փնտրել, և դեռ շատ հեռու է խաղաղված լինելուց։ Միայն մի բան է հստակ, որ Արցախ աշխարհի հանդեպ ունեցած Նալբանդյանների սերն արդեն հավերժորեն շաղախված է Բենիամինի ու նրա նման լուսավոր տղաների անուններով:

Զրույցի վերջում իջած լռությունը գուցե շատ ծանրանար օդում, եթե կողքի սենյակից կրկին ու կրկին չհնչեր դեռ մեկ տարին չբոլորած Արփիի զրնգուն ձայնը, որ լսվում էր ողջ ընթացքում՝ ի նշան շարունակվող կյանքի և ի մատնանշումն այն հանունի, որի համար քեռի Բենոն տվեց իր կյանքը:

Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆ

Շողակն Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

Նմանատիպ նյութեր