211652_close_icon
views-count4618 դիտում article-date 10:06 15-05-2021

Գրություն պետք է ուղարկվեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի հատվածում սահմանը  խախտելու եւ ՀՀ տարածք թափանցելու հետ կապված Հայաստանը նախօրեին հայտարարել էր, որ պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին: Սակայն պայմանագրի ոչ թե 4-րդ, այն է՝ պետության վրա հարձակման, այլ 2-րդ՝ հարձակման վտանգի ու սպառնալիքի հոդվածով: Միջազգային իրավունքի մասնագետ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ եթե 4-րդի դեպքում զինված աջակցություն պետք է լինի, ապա մյուս հոդվածով՝ պարզապես սկսում են խորհրդակցություններ տարածաշրջանային անվտանգության հետ կապված։

Անդրադառնալով այն հարցին, թե այդ դիմումից հետո ինչ գործողությունների կարող է դիմել ՀԱՊԿ-ը, զրուցակիցս նշեց, որ սկսվելու են խորհրդակցություններ, որից հետո կարող է կա՛մ ոչինչ տեղի չունենա, կա՛մ էլ՝ կարող է որոշակի ուժային գործողությունների ցուցադրություն  կամ գործադրում լինի։ Ամեն ինչ կախված է հանգամանքների հետագա ընթացքից։ 

«Հայաստանի տարածքի նկատմամբ կատարված այս գործողությունը ոչ միայն ուժի սպառնալիքի, այլեւ ուժի կիրառման ակնհայտ դրսեւորում է։ Փաստացի ուժ է կիրառվել, որովհետեւ ՀՀ տարածք է մտել զինված ջոկատ։

Դա միջազգային իրավունքով հավասարեցվում է ուժի կիրառմանը, հետեւաբար կարելի էր օգտագործել ոչ միայն ՀԱՊԿ-ի համապատասխան գործիքակազմը, այլեւ գրություն պետք է ուղարկվեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ տեղյակ պահվեր, որ մեր նկատմամբ ուժ է կիրառվել եւ դեռ շարունակվում է այդ ուժի կիրառումը։ Հայաստանն իրավունք ունի ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն դիմել ինքնապաշտպանական գործողությունների, եթե բանակցություններն արդյունք չտան»,- ասաց մասնագետը՝ շեշտելով, որ խախտվել է մեր երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր