211652_close_icon
views-count2083 դիտում article-date 10:39 14-05-2021

ՀԱՊԿ-ի որոշ երկրներ իրենց սահմաններից դուրս ոչ մի ակտիվության չեն մասնակցելու. ռազմական մեկնաբան․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Որքանո՞վ է ռեալ, որ Հայաստանի դիմումը հաշվի առնելով ՀԱՊԿ-ն միջամտի, ինչպիսի՞ն կարող է լինել այդ միջամտությունը. թեմայի շուրջ  հարցերին է պատասխանել ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը:

– Կարո՞ղ եք ասել, որոնք են ընթացակարգերը, ի՞նչ կարող է հետեւել այս դիմումին:

– Ցանկացած ընթացակարգ միս ու արյուն է ստանում, եթե կա քաղաքական կամք: Այսինքն` մենք ռազմական պատմությունից գիտենք, որ որոշակի նկատառումներից ելնելով որոշ պայմանագրեր կարող են մասնակի կիրառվել կամ չկիրառվել ընդհանրապես: Ամենահեշտ օրինակը Կիպրոսի ճգնաժամի դեպքում ԱՄՆ դիրքորոշումն էր, երբ որ իրենք ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանին միանշանակ չէին աջակցում: Այսինքն` այստեղ դժվար է ասել՝ ինչքանով կա քաղաքական կամք Ռուսաստանի ու ՀԱՊԿ մյուս անդամների մոտ՝ միջամտել ու ակտիվ աջակցել: Մյուս երկրների հետ հատկապես խնդիր կա, որովհետեւ այնտեղ երկրներ կան, որոնք Ադրբեջանի հետ շատ մոտ հարաբերություններ ունեն թե՛ տնտեսական, թե ռազմական:

Եվ այնտեղ նաեւ երկրներ կան, որոնք հայտարարել են, որ աշխատելու են իրենց սահմաններից դուրս ոչ մի ակտիվության չմասնակցել: Այսինքն` այն տարբերակը, որ ամբողջ կազմակերպությունը միասնական գործելու է՝ քիչ հավանական եմ համարում: Երկրորդ խնդիրը. մենք տեսնում ենք, որ ռուսական կողմն արդեն որոշակի դիվանագիտական ճնշում բանեցնում է Ադրբեջանի վրա, չի բացառվում, որ այդ ճնշումը լինի ռազմական դեմոնստրացիաների տեսքով:

Բայց պետք է հաշվի առնել, որ ռուսական կողմը նման իրավիճակներում աշխատում է չստեղծել լայնածավալ գործողությունների ռիսկեր Ադրբեջանի հետ, որովհետեւ իրենք նախ շահագրգռված են այդ երկրի հետ հարաբերություններով, երկրորդ, այնտեղ կա Թուրքիայի գործոն: Հիմա Ադրբեջանի տարածքում կա Թուրքիայի ռազմական ներկայությունը եւ դա ուղղված է այդ երկիրը պաշտպանելուն: Այսինքն` պոտենցիալ կոնֆլիկտը Ադրբեջանի հետ կարող է առաջացնել ռուս-թուրքական կոնֆլիկտ, ինչը այնտեղ հաշվի են առնում:

Իրականում ռուսական դիվանագիտությունը բարդ իրավիճակում է, որովհետեւ մի կողմից խնդիր ունեն զսպել թուրքական ակտիվությունը տարածաշրջանում, որը միշտ ընկալվել է իրենց ազդեցության գոտի, բայց մյուս կողմից խնդիր կա, որ դա անվերահսկելի բնույթ չկրի, եւ չդրդեն Ադրբեջանին դեպի Արեւմուտք: Կողքից Ռուսաստանի գործողությունների անհասկանալի թվալն այս գործոններով է պայմանավորված»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր