211652_close_icon
views-count2033 դիտում article-date 10:37 13-05-2021

Կենտրոն վարչական շրջանը ղեկավար չունի. թաղապետին փոխարինողը ձերբակալված է․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեւանի Կենտրոն վարչական շրջանը երեկվանից ղեկավար չունի: Ապրիլի 20-ից արձակուրդի մեջ գտնվող թաղապետ Ավետ Պողոսյանի պարտականությունները կատարում էր նրա առաջին տեղակալ Արմեն Ազիզյանը, որը երեկվա աղմկահարույց միջադեպից հետո ձերբակալվել է:

Այսօր մեր այցելության ժամանակ Կենտրոնի թաղապետարանն արդեն խաղաղ էր, իսկ քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի աշխատասենյակի դուռը՝ կապարակնքված: Հիշեցնենք՝ Մանվել Մարգարյանը երեկ ծեծի էր ենթարկվել իր իսկ աշխատասենյակում թաղապետարանի ղեկավար կազմի որոշ անձանց, այդ թվում՝ Արմեն Ազիզյանի կողմից:

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Ենոք Անդրեասյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ թաղապետին նոր փոխարինող դեռեւս չունեն, ասաց՝ երբ որ կարգադրություն լինի, մենք այդ մասին կլսենք:

Մեր հարցին, թե Ավետ Պողոսյանը տեղյա՞կ է՝ ինչ խառը իրավիճակ է տիրում թաղապետարանում եւ գուցե ասել է, որ վերադառնալու է, քարտուղարն ասաց. «Թաղապետարանում խառը իրավիճակ չէ, նորմալ մեր գործն ենք անում: Ավետ Պողոսյանն էլ գիտակից մարդ է, գիտի՝ երբ, որտեղ ինչ անի: Ձեր հարցերն ուղղեք Երեւանի քաղաքապետարանին»:

Ըստ օրենքի՝ Երեւանի քաղաքապետի կողմից պիտի կարգադրություն լինի, ու ժամանակավոր ղեկավար նշանակվի, եթե ղեկավարը բացակայում է: Որքանով մեզ է հայտնի, Ավետ Պողոսյանը դեռեւս չի էլ պատրաստվում վերադառնալ: Մեր ունեցած տեղեկություններով՝ նա մեկ ամսով է արձակուրդ գնացել եւ իրեն փոխարինողի ու գլխավոր մասնագետի ձերբակալությունների լուրը պատճառ չի դարձել, որ վերադառնա:

Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ կա՞ կարգադրություն, թե ով է ժամանակավոր ղեկավարելու Կենտրոնի թաղապետարանը, կամ միգուցե քաղաքապետը, տվյալ կառույցում տիրող իրավիճակից ելնելով, Ավետ Պողոսյանին հե՞տ է կանչել արձակուրդից: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ կարգադրություն դեռ չկա, բայց ամենայն հավանականությամբ Ավետ Պողոսյանի պարտականությունները ժամանակավոր կկատարի նրա մյուս տեղակալը՝ Նիկոլայ Սարիբեկյանը:

Հիշեցնենք՝ երեկ առավոտյան Կենտրոնի թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը ծեծի էր ենթարկվել: Դեպքի նույն օրը վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանն ու կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը ձերբակալվել են: Կենտրոնի փոխթաղապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով), իսկ Արման Դավոյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Կենտրոնի փոխթաղապետ Արմեն Ազիզյանին ու գլխավոր մասնագետ Արման Դավոյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

ՀՀ քննչական կոմիտեն էլ հաղորդագրություն էր տարածել, որ Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով պատճառվել է 1.5 մլն դրամի գույքային վնաս»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր