211652_close_icon
views-count2172 դիտում article-date 09:49 13-05-2021

Ով ինչքան մարդ է հավաքել հանրահավաքների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հետպատերազմյան Հայաստանում քաղաքական կյանքը շատ բուռն է, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից սկսած՝ մայրաքաղաքում հանրահավաքների ու մասսայական երթերի պակաս չի եղել: Ամեն հանրահավաքից հետո կազմակերպիչների, ՀՀ ոստիկանության ու ՀԿ-ների` հավաքների մասնակցության թվերի մասին տվյալները, սովորության համաձայն, տարբերվել են, ինչը մեր երկրում կարծես թե բնական է դարձել:

Օրինակ` 2021թ.-ի մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ (մեկնարկը 18:00), ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի, 18:54-ին ներկա է եղել շուրջ 26հզ մարդ, այդ օրվա հանրահավաքի մասնակիցների մասին իշխանությունները այլ կարծիք ունեն եւ խոսում են 40-50 հազարից ավելի մարդու մասին:

Մյուս հանրահավաքը մայիսի 9-ին Օպերայի հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած հանրահավաքն էր (մեկնարկը 16:00), որին, ըստ նույն աղբյուրի, 16:42-ի դրությամբ մասնակցել է շուրջ 8000 մարդ, կազմակերպիչները խոսում են 2-3 անգամ ավել թվի մասին: Բազմաթիվ են այլ հավաքներն ու բողոքի ակցիաները, որոնք առավել սակավամարդ են եղել, օրինակ` ս/թ ապրիլի 22-ին Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ ժամը 18։30-ից մեկնարկել էր ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների համատեղ հանրահավաքը, որի մասնակիցների թիվը, ըստ նույն աղբյուրի, 18:53-ի դրությամբ եղել է շուրջ 800 հոգի, կազմակերպիչները, բնականաբար, այլ թիվ են տվել։

Անզեն աչքով էլ տեսանելի է, որ Փաշինյանի հրավիրած հավաքն առնվազն 3 անգամ ամենաբազմամարդն է եղել պատերազմից հետո հրավիրված բոլոր հավաքներից, թեեւ խոսվում է նաեւ, որ վարչական ռեսուրսների հաշվին է եղել։ Բայց նույնիսկ այս թվերը խոսում են ոչ թե քաղաքական որեւէ ուժի ազդեցության, այլ բոլորի քաղաքական պարտության մասին: Արցախի մի մասը կորցրած, 20 տարի կոռուպցիայի ու գրեթե չդադարած արտագաղթի պայմաններում մեր քաղաքացիներն այդպես էլ չգտան այն քաղաքական ուժին կամ գաղափարախոսություն, որի հետեւից կգնան, հոգնել են մարդիկ ու հանգիստ են ուզում: Այո, թե՛ սոցհարցումները, թե՛ հավաքների մասնակցությունը, թե՛ անզեն աչքով դիտարկումները խոսում են Փաշինյանի հնարավոր հաղթանակի մասին, սակայն ո՛չ Փաշինյանի, ո՛չ էլ մյուսների հնարավոր հաղթանակը, կարծես թե, երկրի զարգացման հույս դեռ չի ներշնչում։ Ամեն ինչ ավելի քան լուրջ է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր