211652_close_icon
views-count1257 դիտում article-date 17:44 11-05-2021

ԵՊՀ-ում տեղի է ունեցել Իրանում լույս տեսած «Թալիշերենի բայերի բառարանի» առաջին հատորի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ իրանագիտության ամբիոնում այսօր տեղի է ունեցել նույն ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի և իրանցի թալիշ գործընկերների համահեղինակությամբ Իրանում լույս տեսած «Թալիշերենի բայերի բառարանի» առաջին հատորի շնորհանդեսը:

Շնորհանդեսի բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ արևելագիտության   ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական    կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ, Իրանից ժամանած հյուրեր:

Շնորհանդեսի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: 

Վերջինս տեղեկացրեց, որ հայ-իրանական համատեղ ջանքերով լույս է տեսել «Թալիշերենի բայերի բառարանի»  առաջին հատորը, որն ընդգրկում է հարավթալիշական բարբառները: 

Վարդան Ոսկանյանի խոսքով, հատկանշական է այն, որ այս հնագույն իրանական լեզուն սերտ հարաբերություններ և շփումներ է ունեցել հայերենի հետ:

«Ցավոք սրտի, պատմական տվյալները մեզ թույլ չեն տալիս խոսել հայ-թալիշական կապերի  մասին, դրա վերաբերյալ   մենք  պատմական սկզբնաղբյուրներ չունենք, բայց ինչպես ասում են՝ լեզուն ժողովրդի պատմության հայելին է, և հենց թալիշերենն է, որը մեզ թույլ է տալիս խոսել հայերի և թալիշների հազարամյա շփումների մասին՝ հաշվի առնելով այն, որ թալիշերենում առկա են հայերենից փոխառություններ»,- փաստեց Վարդան Ոսկանյանը: 

Նրա պնդմամբ, թալիշերենն այն հայելին է, որը ցույց է տալիս պատմական այն ժամանակաշրջանը,  երբ  երկու  ժողովուրդները   շփվել են միմյանց հետ՝ փոխանակելով նաև մշակութային տարրեր և լեզվական տվյալներ, ու այս համատեքստում թալիշագիտությունը կարևոր ուղղություն է:

Այնուհետև Վարդան Ոսկանյանը ելույթում անդրադարձավ ԵՊՀ-ում թալիշագիտության պատմությանը՝ ուրախությամբ  նշելով, որ այն դառնում է պատմական ավանդույթ:

«Թալիշ ցեղանվան առաջին հիշատակությունը հանդիպում է 5-րդ դարում հունարենից հայերեն  թարգմանված
«Պատմություն   Աղեքսանդրի Մակեդոնացվո» վեպում,- փաստեց Վարդան Ոսկանյանը,- եթե նույնիսկ հաշվի առնենք, որ հետագայում արտագրողներն են այդ բառը մուտքագրել 5-րդ դարի տեքստ, այդուհանդերձ սա շատ կարևոր տվյալ է»: 

Գիտական թալիշագիտությունը, ըստ ամբիոնի վարիչի, Հայաստանում սկիզբ է առնում 2000-ականների սկզբից՝ արձանագրելով, որ շուրջ 20 տարի է, ինչ ԵՊՀ-ն՝ որպես թալիշագիտության միակ  կենտրոն,  զբաղվում է
թալիշագիտության  տարբեր  խնդիրներով: 

«Այսօր, որպես ավետիս, կարող եմ հայտնել, որ մեր երկարատև ջանքերն ի վերջո արդյունք տվեցին, և այս տարվանից ամբիոնի շրջանակում գործելու են «Քրդագիտություն» և «Թալիշագիտություն» մագիստրոսական ծրագրերը»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Թալիշագիտական առաջին միջազգային գիտաժողովը ԵՊՀ իրանագիտության ամբիոնին հնարավորություն տվեց ազդարարելու, որ Հայաստանը դառնում է թալիշագիտական կարևոր կենտրոն:

Ըստ Վարդան Ոսկանյանի՝ թալիշերենի ուսումնասիրությունն արդիական է ոչ միայն տեսական, այլև կիրառական  տեսանկյունից:

Հաշվի առնելով այն, որ այս ժողովուրդը, ըստ էության, Ադրբեջանական Հանրապետությունում վտանգված ժողովուրդ  է,  իսկ թալիշերենը՝ վտանգված լեզու, ԵՊՀ-ում թալիշագիտական ուսումնասիրություններն այդ առումով փարոս են թալիշ ժողովրդի համար:

«Ի տարբերություն Ադրբեջանական Հանրապետությունում բնակվող թալիշների՝ Իրանի թալիշներն օգտվում են սեփական լեզուն, մշակույթն ու պատմությունն ուսումնասիրելու, ներկայացնելու բոլոր հնարավորություններից, այս ամենի առհավատչյան է այսօր հրատարակված գիրքը, որը տպագրվել է Իրանում»,- ասաց Վարդան Ոսկանյանը: 

Նա համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանում նմանօրինակ գրքերի հրատարակությունը պարզապես անհնարին կլիներ: 

«Այս համատեքստում մենք ունենք մշակութային գերտերություն՝ ի դեմս Իրանի, որը զբաղվում է իր տարածքում բնակվող բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև հայերի, լեզուների և մշակույթի պահպանությամբ ու լավագույնս ներկայացմամբ,- ասաց Վարդան Ոսկանյանը,- և հենց այստեղ է, որ մենք ունենք լայն համագործակցություն իրանական  գիտական կենտրոնների թեմաների շուրջ, որոնք շատ կարևոր են նաև մեզ՝ հայերիս համար»:

Վարդան Ոսկանյանը ներկայացրեց Գիլանի համալսարանի իրանագիտական բաժնի ղեկավար Աբբաս Փանահիին՝ մասնագետի, որը տարիներ շարունակ իր ջանքերն ու եռանդը ներդրել է Իրանի հյուսիսային նահանգի ժողովուրդների, այդ թվում նաև հայերի մշակույթի և պատմության ուսումնասիրության ոլորտում:

Աբբաս Փանահին շնորհակալություն հայտնեց Իրանագիտության ամբիոնի հետ ունեցած համագործակցության համար, որը, նրա հավաստմամբ, կարևոր իրանագիտական կենտրոններից է մեր տարածաշրջանում: 

Ներկայացնելով Գիլանի համալսարանը՝ վերջինս նշեց, որ այնտեղ դասավանդվում են այդ նահանգում բնակվող երեք հիմնական ժողովուրդների՝ թալիշների, գիլանցիների և մազանդարանցիների լեզուները, մշակույթն ու պատմությունը: 

Նրա խոսքով, թալիշերենի ուսումնասիրությունը կարևոր տեղ ունի համալսարանի գիտակրթական գործունեության  մեջ՝ ոլորտում իրականացնելով բազմաթիվ ծրագրեր և գիտաժողովներ:

«Բացի դրանից՝ թալիշերենն առաջին իրանական լեզուներից է, որի համար դպրոցներում պարտադիր դասավանդման  ծրագիր է մշակվել»,- հավելեց Աբբաս Փանահին:

Անդրադառնալով ԵՊՀ իրանագիտության ամբիոնի հետ համագործակցությանը, որտեղ ոչ միայն թալիշերենը, այլև իրանագիտության այլ հարցեր խորքային ուսումնասիրության են ենթարկվում, վերջինս նշեց, որ իրենք շատ հպարտ են, որ բարեկամ Հայաստանը նմանօրինակ ուշադրություն է դարձնում իրանագիտության խնդիրներին: 

Շնորհանդեսի երկրորդ մասում Իրանից ժամանած հյուրերը զեկուցումներով հանդես եկան, որոնք նվիրված էին իրանագիտության տարբեր խնդիրներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր