211652_close_icon
views-count1997 դիտում article-date 11:39 11-05-2021

«Վերջին դաս». ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում բացառել որեւէ դրամահավաք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երեւանի քաղաքապետարանին եւ ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հունիսի 4-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը հնարավորության դեպքում անցկացնել բացօթյա: Շրջաբերականում առաջարկ է հնչել նաեւ հնարավորինս սահմանափակել միջոցառման մասնակիցների թիվը՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանի պահանջները:

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, շրջաբերականում նախարարությունը կոչ է արել նաեւ բացառել որեւէ դրամահավաք, որի վերաբերյալ արդեն ստացվում են համապատասխան ահազանգեր: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաեւ ԿԳՄՍ նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն «Արմենպրես» լրատվական գործակալությունում երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում եւս մեկ անգամ վերահաստատել է, որ համավարակով պայմանավորված՝ «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս պետք է պահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները:

«Հատկապես վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարության ընդհանուր քաղաքականությունն է՝ զերծ մնալ ավելորդ ճոխություններից եւ ավելի շատ ուշադրություն դարձնել «Վերջին դասի» խորհրդին՝ որպես ուսումնական գործընթացի ամփոփում: Երբ խոսում ենք ուսումնական գործընթացի վերաիմաստավորման մասին, ապա դրա կարեւոր բաղադրիչը բնավ նյութական կողմը չէ»,- փաստել է փոխնախարարը:

Նմանատիպ նյութեր