211652_close_icon
views-count4733 դիտում article-date 10:16 11-05-2021

Քաղաքականությունից հեռացած նախագահին լուրջ գործոն սարքեց Փաշինյանը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լուրջ հայտ է ներկայացրել՝ վերադառնալու իշխանության եւ ունի տասնյակ հազարավոր աջակիցներ: Ոմանք ուրախանում են այդ փաստից, ոմանք՝ տխրում, բայց դա իրողություն է, եւ լրագրողի պարտականությունն է դա արձանագրել:

Իսկ հիմա փորձենք վերլուծել, թե ինչու այն մարդը, որի իշխանության օրոք տեղի է ունեցել «հոկտեմբերի 27»-ը, ով անձամբ մեղավոր է «մարտի 1-ի» սպանդի համար, որին սխալ բարեւելու համար մարդ են սպանել եւ այլն, եւ այլն, ինչու է այդ գործիչը դարձել թիվ մեկ ընդդիմադիրը:

Ոմանք տալիս են հետեւյալ պատասխանը՝ որովհետեւ «թավիշը» շատ էր, որովհետեւ Քոչարյանին պետք էր ձերբակալել, գնդակահարել: Ես, ճիշտն ասած, գրեթե տրամագծորեն այլ կարծիքի եմ:

Պաշտոնաթող, քաղաքականությունից հեռացած նախագահին լուրջ գործոն սարքեց Փաշինյանը, որի իշխանության գալուց հետո առաջին գործն եղավ մեր պետության անցյալը միայն սեւ գույնով ներկայացնելը, հասարակությանը հեղափոխականների եւ հակահեղափոխականների («նախկինների աջակիցների») բաժանելը եւ բոլոր հնարավոր եւ անհնարին, իրավական ու հակաիրավական մեթոդներով հետապնդումներ հրահրելը:

Պետական մտածողություն ունեցող մարդիկ (օրինակ, Նելսոն Մանդելան) իշխանափոխությունից հետո փորձում են գիծ քաշել եւ փորձել հասարակությունը համախմբել: Իսկ մանր կրքերով, փառասիրությամբ եւ քինախնդրությամբ ապրողները ճիշտ հակառակ ձեւով են վարվում՝ ձգտում են ինքնահաստատվել, վրեժ լուծել, կրքեր բորբոքել: Այդ վարքագիծը մեծապես թուլացնում է պետությունը եւ նպաստում է պարտություններին՝ այդ թվում նաեւ ռազմական: Հույսս չեմ կտրում, որ երբեւէ Հայաստանը ղեկավարելու են առաջին տիպի մարդիկ՝ համերաշխության, համախմբման, հաշտության կողմնակիցները: Ակնհայտ է, որ ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ ներկայիս վարչապետի պաշտոնակատարն այդ մարդկանց թվին չեն պատկանում:

Երբ Փաշինյանն եկավ իշխանության, խելացի մարդիկ (նաեւ մեր երկրի սահմաններից դուրս) նրան խորհուրդ էին տալիս չսկսել Քոչարյանի հետապնդումը «մարտի 1-ի» գործով, որովհետեւ նրան քաղաքականության մեջ շրջանառելը, հետապնդվողի դեր շնորհելը, ի վերջո, շուռ է գալու հենց իր՝ Փաշինյանի դեմ: Բայց հաղթեց դիլետանտների, պոպուլիստների, անպատասխանատու մարդկանց տեսակետը, եւ երկարատեւ անհաջող դատավարությունը առյուծներ որսացող թոշակառուին դարձրեց ընդդիմադիր քաղաքական գործիչ: Այնպես չէ, որ Քոչարյանը մեղավոր չէ «մարտի 1-ի» համար, սակայն «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանքն անհեթեթ էր, անհեռանկարային: Կասկածում եմ, որ իրավաբանական կրթություն ունեցող որեւէ մարդ ինքնակամ կխրվեր այդ արկածախնդրության մեջ:

Պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունն, անշուշտ, ուժեղացրեց Քոչարյանի դիրքերը: Իհարկե, կարելի է շարունակել պնդել, որ այդ պարտության համար երկրորդ եւ երրորդ նախագահն են մեղավոր: Որոշակի մտավոր մակարդակ ունեցող մարդկանց վրա այդ փաստարկն ազդում է»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր