211652_close_icon
views-count48945 դիտում article-date 14:05 10-05-2021

Արտակարգ իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Արազափ գյուղում քամին իր սև գործն է արել. գյուղացիները կրել են միլիոնների վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Արազափ համայնքում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժգին քամու հետևանքով գյուղին հսկայական վնասներ է պատճառվել։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Հաղթանակի օրով սև էկավ մեր գլխին. ուժգին քամին իր սև գործն արեց, գյուղում մի քանի տանիքներ, ջերմոցներ ամբողջովին ավերեց։ Գրեթե բազմաթիվ ջերմոցներ հիմքից է կոտրել։ Բոլոր տուժած գյուղացիները վարկեր են վերցրել ու ջերմոցներ ստեղծել։ Անգամ բերքն է փչացրել։ Հիմա չգիտենք՝ ում դուռը գնանք, գյուղապետը ողջ գիշեր իր տեղակալի հետ մեզ հետ հավասար կրած վնասներն է հաշվում։ Գյուղապետը դիմել է մարզպետարան, մարզպետարանն էլ խոստացել է, որ կդիմեն կառավարություն։ Մնում է՝ կառավարությունը գոնե էս անգամ մեր վերքին դարման անի։ Մենք իրենցից գումար չենք ուզում, խնդրում ենք՝ բանկերին միջնորդեն, որ մի 2-3 տարով վարկերը սառեցնեն, թե չէ՝ առանց էն էլ մեր ծռված ողնաշարը լրիվ կկոտրվի, եթե կառավարությունը բարի կամք չդրսևորի ու մեզ չօգնի։

Կանոնավոր վճարումները կատարել ենք, պարտք-պահանջ չունենք։ Հիմա կառավարության թասիբի հարց է։ Եթե սրտացավ են մեր հանդեպ, ապա պետք է գյուղացուն թիկունք կանգնեն։ Գյուղապետարանն էնքան հնավարություն չունի, որ մեր հարցերը լուծի, անգամ՝ լծակներ։ Էդ ամենի հնարավորությունը կառավարությունն ունի։ Եթե սրտացավ են մեր հանդեպ, մեզ կօգնեն, հակառակ դեպքում չգիտենք՝ ինչ անենք։ 

Փլուզված ու վնասված ջերմոցներում բիբարը, պոմիդորը, բադրջանը, վարունգը և այլ գյուղմթերքներ ամբողջովին վնասվել է։ Մեր ուժերով մենք ի վիճակի չենք «շողուլի գանք», եթե կառավարությունը չօգնի։ Գուցե բանկերն էլ բարի կամք դրսևորեն ու ընդառաջեն մեր խնդրանքին. մի 2-3 տարով վարկերը սառեցնեն։ Հետո մենք էլի, ոնց որ քրտինքով ստեղծել ենք, նորը կստեղծենք. կշարունակենք նորից համագործակցել ոչ մեր մեղքով մեզ ներած բանկերի հետ»։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետն էլ ասում էր. «Կատարվածի մասին արդեն տեղեկացրել ենք մարզպետարան, որտեղից արդեն եկել են մասնագետները ու տուն առ տուն չափում ենք գյուղացիների կրած վնասները։ Թե ես, թե գյուղացիներն ուզում ենք հավատանք, որ գյուղացին հուսախաբ չի լինի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր