211652_close_icon
views-count4272 դիտում article-date 23:03 08-05-2021

Վարդ Սիմոնյան. Դուք չէ է՜, մենք. մենք պարտավոր ենք ոգեշնչվել, Մ Ե Ն Ք

Արցախյան զրույցներ. «Հայրս Կերչում կռվեց՝ հաշմանդամ դարձավ, պապս՝ Էրզրումում, ես՝ Արցախում», այս վերնագրով իր ֆեյսբուքյան էջում ծավալուն գրառում է կատարել հրապարակախոս Վարդ Սիմոնյանը, որը ներկայացնում ենք ստորև

«Ես շատ ցանկացա այս երկու լուսանկարը դնել կողք-կողքի։ Մեկը նկարված է 1989 թվականին՝ Լենինգրադում, իսկ մյուսը՝ 2015 թվականին, Արցախի Մեծ Թաղեր/Թաղլար/ գյուղում։ Առաջինում Անատոլի Գոլիմբիևսկին է, որը Մեծ հայրենականում հաշմվեց, բայց պատերազմից հաղթանակած վերադառնալով տուն շարունակեց գլխավոր ինժեների իր աշխատանքը՝ սխրանքներ գործելով ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական կյանքի զույգ ճակատներում։ Նրա խոստովանությամբ՝ իր հետպատերազմյան բոլոր հաջողությունների համար պարտական է ձեռքի կառավարմամբ աշխատող իր մեքենային, որը ստացավ պետությունից և հասցրեց դրանով պտտվել Միության բոլոր մայրաքաղաքներում։ Հենց իր անհագ ճամփորդության ամենաերջանիկ կետն էլ դարձավ Թբիլիսին, ուր Անատոլին բարեհաջող ամուսնացավ ու տասնյակ թոռների և անգամ 5 ծոռների երգուպարի տակ տոնեց իր ծննդյան 80-ամյա փառահեղ հոբելյանը։ Ահա այսպես, պետության նվիրած ընդամենը մի մեքենան, ամբողջությամբ շրջեց տխուր ու հուսահատ վետերանի կյանքը՝ դարձնելով նրան սովետական ագիտպրոպի ամենավառ աստղերից մեկը։ Երկրորդ նկարի հերոսը՝ Յակով Ալթունյանն է/Yakov Altunyan/, որը նույնպես հաղթանակած վերադարձավ Արցախյան պատերազմից... մանրամասները՝զրույցում։

ՎԱՐԴ Սիմոնյան
Հեղինակ-Բարև ձեզ, ես էլ ասեմ, ուր էին տանում այս նեղ-նեղ, դժվար կածանները. պարզվեց՝ իսկական դրախտ։ Էս ինչ սիրուն տեղ եք ապրում, եթե ճիշտը մեծից փոքր բարևելն է, ուրեմն պիտի սկսեմ էս հսկա սարից, անունն ի՞նչ է, էս սարին ինչպե՞ս դիմեմ:
-Տողասարն է. հա, Դուք վատ տեղ չեք եկել։ Եվ որպեսզի իմանաք, որ էստեղից շուտ գնալը շատ մեծ սխալ կլինի, ասեմ, որ Դուք գտնվում եք Արցախի Բիզակ գավառի բերդի դեմ դիմաց, ստորոտում էլ՝ նայի եկեղեցին է։ Իսկի արաբները 7-րդ դարում չկարողացան այս գյուղը՝ Մեծ Թաղլարը, գրավել, վերջը ճարները կտրած՝ մի ջորի են ծարավացրել, բերել ջրի բերանը փակել։
Հեղինակ-Բա էս սարի հետ գլուխ գլխի տված ինչ եք մտածում.այս գյուղի մարդիկ ամենաշատը ինչի՞ն կամ ո՞ւմ են հավատում։
-Ոչ մեկի էլ չեն հավատում, միայն իրենք իրենց են հավատում, ուրիշ ոչ մի բանի։ Մեր բնակչության 10 տոկոսն իսկի քրիստոնեությունը չի ընդունում։ Աստծուն աչքով չի տեսել, չի հավատում։
Հեղինակ-Իսկ Դուք հավատո՞ւմ եք...
-Ես չհավատալու իրավունք չունեմ:
Հեղինակ- Կներեք, էդ դեպքը ե՞րբ պատահեց. քանի՞ տարեկան էիք, որ զրկվեցիք ոտքերից։
-93-ի օգոստոսին էր, առավոտ շուտ, ժամը 6-ին պայթեցի ականի վրա...27 տարեկան էի։
Հեղինակ-...մի հարց տամ, բայց խնդրում եմ, մոռացի, որ ես լրագրող եմ, համարի հարազատ քույրդ ու անկեղծ ասա . կուզեի՞ր էս պատերազմը, էս հաղթանակն էլ չլիներ, բայց քայլեիր, ոտքերդ լիներ։
-Չէ, չէ։ Ես նույնիսկ այն ժամանակ պատրաստ էի զոհվելու, միայն էս հողը թուրքին չմնա։ Ո՞նց, բա մեր գերեզմանոցը, մեր վանքը, մեր գյուղը...
Հեղինակ-Բայց...
-Չէ, մի ասա, բա մարդիկ կյանք են տվել, ես՝ ընդամենը ոտքերս։ Բա իմ երեխան հիմա լիարժեք հայ է մեծանում, հայերեն է կարդում, գրում։ Չէ, սխալ է այդպես մտածելը։ Մեզ նվեր է, Աստծո պարգև է տված այս ապրելու տեղը, բա էս սիրուն գյուղը մնար թուրքի՞ն, լավ ա ես մեռնեի, քան դա տեսնեի։ Դու ի՞նչ, մտածում էիր, թե ես ուրիշ բան կպատասխանեի քո էդ հարցին։
Հեղինակ-Չգիտեմ, ինձ էլ հեշտ չէր այդ հարցը քեզ տալը ու էլի էդպիսի ծանր հարցեր կան մտքումս, տեսնեմ կարո՞ղ եմ հարց սարքել ու տալ։
-Դու ինձ ինչ ուզում ես հարցրու, ես կպատասխանեմ քեզ։
Հեղինակ-Բայց զարմանալի է, որ այսպես մաքուր գրական հայերեն եք խոսում, ես էլ ճանապարհին մտածում էի, թե Հադրութի բարբառի տակից ոնց եմ դուրս գալու...Վերջին տարիներին գյուղից շա՞տ են հեռացել։
-Չէ, մենք շատ չենք պակասել, բայց վերջին 20 տարում չենք էլ ավելանում։ 1640 ենք եղել, հիմա 1500 ենք։
Հեղինակ-Բա կառավարությունը երրորդ երեխային մեկ միլիոն դրամ է տալիս, փաստորեն այստեղ ամենաեկամտաբեր գործը երեխա բերելն է, չե՞ն բերում։
-Բերում են, բայց տարածը շատ է։
Հեղինակ-Ո՞վ է տանում, Ռուսաստա՞նը։
-Դե պատերազմը տարավ, Ռուսաստանն է տանում, գնում են է, գնում են։ Հիմա Հայաստանից չե՞ն գնում, քո ծնողներն էլ են չէ՞ մի գյուղից հեռացել։ Բա ինչո՞ւ են իրենց օջախը թողել գնացել։
Հեղինակ-Ես մի օր հորս հարցրի՝ ինչո՞ւ եք Տաթևի պես հրաշք տեղը թողել եկել Երևան, ասաց՝ որ գյուղում մնայինք, հիմա դու ոչ թե ժուռնալիստ կլինեիր, այլ՝ խոզապահ։ Դա իհարկե հարց է դեռ, թե ես մարդկությանն ավելի պիտանի կլինեի որպես խոզապահ, թե՝ ժուռնալիստ, բայց երկու դեպքում էլ հաստատ խոզերը կտուժեին։ /Ծիծաղում ենք.Վ.Ս./ Բայց այս գյուղում աչքիս խոզ, կով չի երևում, պահող կա՞, այստեղ անասնապահությունը զարգացած չէ՞։
-Առաջ ահագին գլխաքանակ ունեինք, հիմա քիչ է։ Հիմնականում դաշտավարությունն է, էն էլ՝ ցորեն ու գարի։ Թե դրանով էլ ինչ դուրս կգա՝ Աստված գիտի։
Հեղինակ-Վերջին 5 տարում՝ օրինակ, ի՞նչն է փոխվել այս գյուղում։
-Ոչ մի բան էլ չի փոխվել։ Մենք ենք, երևի մի քիչ ծերացել։ Մեկ էլ երևի մարդկանց մակարդակն է մի քիչ բարձրացել. հիմա երբ մոտս փող է լինում, տալիս եմ ինտերնետի, իսկ առաջ վեր էի կենում ու գնում բժշկի։
Հեղինակ-Փաստորեն, էդ ինտերնետն այս կողմերում բժիշկների հացն էլ է կտրել։
-Դե երեխաներիս ա պետք. սերունդ է, աճում է...
Հեղինակ-Սիրելիս, ես մի լուրջ մտահոգություն ունեմ, որ ուզում եմ քեզ հետ կիսվել։ Նայում եմ, համատարած հողերը, այգիներն անմշակ են. բա էլ ի՞նչ հող, որ մարդու կարոտ է, չի խոսում մարդու հետ։ Սա ի՞նչ հաշիվ է. մարդիկ ինչո՞ւ մոտ չեն գալիս այս հողերին, թամբալացե՞լ են։
-Չէ։ Դա հենց այսօրվա իշխանավորների խոսքն է։ Ժողովրդի փողերն ուտում են, ժողովրդին էլ թամբալ են ասում։
Հեղինակ- Բա էս ոսկի հողերն ինչո՞ւ են պարապ։Երեկ ես գնացել եմ Ստեփանակերտի շուկայից Երևանից բերած 1200 դրամանոց խնձոր առել և 1500 դրամանոց էլ եվրոպական տանձ։ Բա էս հաղթանակած հողն ինչո՞ւ բարիք չի տալիս, ինչի՞ նշան է սա։
-Հուսախաբության նշան է։ Մարդուն, որ ոգեշնչես, կարող է ամեն ինչ էլ անել։ Ոգեշնչող չկա։ Դուխ տվող չկա։ Ոգեշնչելը գիտե՞ս ինչքա՜ն լավ բան է։ Ինչե՜ր կարող է անել. մի խլուրդի որ ոգեշնչես, վեր կկենա շան հետ կռիվ անի ու կհաղթի։ Ասում ա՝ թիկունքով շունը գայլին կհաղթի։
Հեղինակ-Գիտես, իսկապես չեմ հասկանում, ուրեմն պատերազմի ժամանակ մենք ոգեշնչվում էինք, իսկ արդեն հաղթանակած խաղաղությունը մեզ չի ոգեշնչո՞ւմ. ո՞վ էր, ի՞նչն էր այդ ոգեշնչողը, որ հիմա դադարել է նույնն անել։
-Այն ժամանակ մենք մեզ էինք ոգեշնչում։ Մենք արդեն հարբած էինք ոգեշնչմամբ, հարբած էինք հաղթանակով։
Հեղինակ-Բա խաղաղությունն ավելի լավ բան չէ ՞ոգեշնչվելու համար, քան ՝ պատերազմը։ Ինչո՞ւ ենք պատերազմում ղոչաղ, իսկ խաղաղության մեջ՝ այսաքն խեղճ։ Վերջապես Ադրբեջանի լծից ազատագրվել եք։ Վերջապես կարգավիճակ եք ստացել, պետություն ունեք, քո իշխանավորն էլ թուրքը չի, լավ, վատ՝ գոնե քո արյունակիցն է, քո եղբայրն է։ Հիմա չստացվի, որ ձուն հավին քարոզ է կարդում, այս բաները հենց դու պիտի ինձ ասեիր, չէ՞, ոչ թե ես՝ քեզ։ Դու երկիր ես ճղել բերել, ես խոնարհվում եմ քո առաջ, բայց սիրտս ճաքում է, որ էսքան արյուն կերած հողն ամուլ է, տես՝ էս ծառերը ոնց են փախնում անտառ, էս հողը փախնում է մեր ոտի տակից:
- Գիտես, դու ասում ես այն, ինչ ամեն օր ես եմ ինձ ասում։ Իհարկե մեր իշխանավորը մեր եղբայրն է։ Բայց, որ հետ ես գալիս գյուղ, հետ ես գալիս կյանք, տեսնում ես, որ չէ, այդքան էլ այդպես չէ։ Հիմա չգիտես՝ ում մեղադրես։ Մեր շրջափակման մեջ գտնվելու վրա մեղքը դնենք, բավարարվե՞նք։ Ասենք շրջափակման մեջ ենք, ռեսուրսները քիչ են, աղքատություն է ու դրանով վե՞րջ, բերաններս փակենք նստե՞նք։ Բայց կան հարցեր, որ կարելի է ժողովրդին համախմբել և լուծել չէ՞։ Էդ պատերազմի հարցը հանի, բոլորը մի մարդու պես էլի գնալու են և անպայման հաղթելու են։ Բայց եթե մեր երկու պետություններում էլ ժողովրդագրական վիճակն սա է, կնշանակի ինչ-որ բան սխալ է արվում, չէ՞։
Հեղինակ-Այո, իհարկե, ո՞ր մարդը լավ կյանքից կփախչի։ Բայց կառավարությունն էլ ինձ ու քեզ կասի, ես ի՞նչ անեմ, երեխա բերեմ տամ ձե՞զ։ Արցախի բյուջեի սոցիալական պաթոսին կնախանձի ցանկացած պետություն։ Ամբողջ ծախսը սոցիալական ծրագրերի վրա է դրված։ Բայց կարո՞ղ է հենց այդ սոցիալական ասեղն էլ իր հերթին է թմրեցնում մարդկանց։ Վարչապետի հետ հանդիպելու եմ, անպայման կխոսեմ այս մասին։ Բայց մարդուց խոսուն փաստ կա՞, եթե շարունակենք այսպես հոսել, հողն էլ հետներս կքշենք կտանենք, չէ՞. հողն ավազ է, փոշի է, ընդամենը, եթե մարդու երես չի տեսնում։
-Դե տես, մարդկանց ասում են, ծնեք, երեխա բերեք։ Դե թող նաև հաշվեն, թե այդ երեխան ինչով պիտի ապրի։ Ծնողը եթե հիվանդ է ու չի կարողանում բժշկի գնալ, ո՞նց երեխա բերի, ո՞նց պահի։ Միշտ ասում ենք՝ ամենակարևորը բանակն է, որ մեզ պաշտպանում է, բայց մայրերը պիտի երեխա բերեն, չէ՞, որ էդ բանակը համալրվի։ Այսօր 15 թիվն է. 97 թվի ծնվածները պիտի գնան բանակ։ Իսկ արդեն 97 թվին ծնվածները քիչ են։ Բա ինչո՞ւ են քիչ. դա լավ կյանքից չի, չէ՞։ Այ հենց դա է, խնդիրը, եթե կյանքը լավանա, բանակի հարցում էլ մենք այսքան մտահոգ չենք լինի։ Չենք փնտրի, թե էս տարվա ծնվածն ո՞ւր ա։ Էս ինչո՞ւ չկա։
Հեղինակ-Բայց այս պատերազմին, թե՛ Արցախը, թե՛ Հայաստանն ինչ կարող էին տվեցին ու շարունակում են տալ։ Այսօր էլ ամենաթանկն ենք տալիս՝ մեր երեխաներին։ Գիտես, եթե դուք այստեղ հուսալքվում եք, ես ավելի շատ եմ դողում սահմանին կանգնած մեր երեխաների համար. դու պիտի այստեղ պինդ լինես, որ սահմանին կանգնած իմ երեխայի ոտքերը չծալվեն։ Եթե Արցախի գյուղերն ամուր չլինեն, չպնդանան, մեր զինվորի թիկունքը բաց կլինի ախր, չէ՞:
-Ես չեմ հուսալքվում երբեք։ Ու դրա համար էլ ասում եմ, որ ինձ չի բավարարում զարգացման այս մակարդակը։ Եթե հուսալքվեի, չէի ասի, մի տեղով էլ ես կգնայի էլի։ Բայց այստեղ եմ, որովհետև հույս ունեմ, որ այս հարցերը կկարգավորվեն, մարդիկ կաշխատեն ու բոլորիս սևերես չեն անի պատերազմի զոհերի առաջ, մեր երեխաների ու ծնողների առաջ։ Է՛հ, չգիտեմ է…
Հեղինակ-Ասա, խնդրում եմ, ամենաշատը ո՞ր խնդիրներն են թուլացնում ձեզ. չէ՞ որ այստեղ երբ մի տան լույս էլ իրիկունը չի վառվում, սահմանն ավելի մեծ ուժգնությամբ է ցնցվում։
-Հիմա քեզ մի բան ասեմ. հերս Կերչում կռվեց և հաշմանդամ դարձավ,պապս՝ Էրզրումում, ես՝ Արցախում, բա գոնե հիմա մեր էրեխեքի կյանքը լավը լիներ։ Այսօր էլ վիճակն ուրիշ է. մեր էրեխեն 2 տարի չէ, որ պիտի պահի սահմանը։ Այդ երկու տարով ծառայությունը չի սահմանափակվում. եկավ տուն, մեկ էլ պիտի մտածի, որ իրենից ծնվածը պիտի պաշտպանի հայրենիքը։ Հիմա մենք ի՞նչ պայմաններ ենք ապահովում դրա համար՝ բանակից եկել է, ինստիտուտն էլ ավարտել։ Հիմա ես ի՞նչ անեմ, ի՞նչ տամ նրան, ուզում եմ ամենալավը տամ, բայց ինչպե՞ս՝ դե ասա։
Հեղինակ-Իմ կարճ խելքով՝ դու նրան ամենալավ բանն արդեն տվել ես՝ կյանք ես տվել, թող մարդը գնա, ապրի։ Մեր ծնողական սիրո չափն էլ չափազանց է, չէ՞. պիտի մինչև վերջ հետապնդենք մեր երեխային, օր ծերության էլ դարձնենք մեր սիրո զոհը։ Իմ կարծիքով, սա լավ բան չի, չնայած իմ այս ձայնը համարի տաք տեղից եկող, որովհետև ես երեխա չունեմ...
-Դե իմ կյանքն էլ ֆրիկի օրին է. «Մեկն ի պապանց պարոնորդի,
Մեկն ի հարանց մուրող լինի...»։ Երեք սերունդ կռվեցինք, բայց էրեխեքի աչքամեջին էլ չենք կարողանում նայել։
Հեղինակ-Ինչու. էնքա՜ն մարդ կերազեր, որ իր հայրն իրեն կարգին հոր պատիվ, հերոսական կենսագրություն ժառանգեր, քան՝ ուրիշներից թալանված միլիոններ, որոնք դատապարտված են անեծքի թելը փաթաթել նաև որդիների վզով։ Ո՞ւմ է պետք։
-էհ, դու էլ իբր բան ասիր, թալանն ո՞վ կուզի, հացը որ արդար չեղավ էլ ո՞ւմ ա պետք, բայց երեխա են, ուտել են ուզում, հագնել էլ են ուզում, որ բանակից գալիս են...
Հեղինակ-Լսիր, բայց ես քեզ շատ սիրեցի, գիտե՞ս ու քանի որ հասկացա, որ խոսքդ էլի դեպի բանակ ես ուզում տանել, ընկերներիցս մեկի մոր ասածը հիշեցի, իր երեխաներին ասել ա՝ դենը գնացեք, հա, ձեզ ծնել եմ, բոլ ա, ես ամենալավ մայրն եմ՝ վրաներդ մի շրամ ու յարա չկա, ձեզ վեր չեմ գցել, ոչ էլ «փեչին» էրել, խորովել եմ, էլ ինձանից ինչ եք ուզում, կյանքը տվել եմ, ծծիցս կտրել, գնացեք առոք-փառոք ապրեք ձեզ համար։/Ծիծաղում ենք. Վ.Ս./ Բա, էդպես էրեխեքի պորտը տեղն ա դրել, ճիշտ չի՞ արել։ Հիմա դու ինձ մի բան ասա, այս գյուղում քանի՞ հարուստ մարդ կլինի։
-Մեկն էլ չկա։ Բոլորը համարյա հավասար են։ Չնայած մի մասին թվում ա, թե մյուսն ավելի հարուստ ա, բայց դե հենց էդ հարուստ կոչվածն ունի պարկերով խնդիրներ։
Հեղինակ-Հիմա, որ մարդ առավոտից երեկո այս հողի վրա աշխատի, որքա՞ն եկամուտ կստանա։
-Վատ եկամուտ չի ստանա։ Եթե լավ կառավարություն է, թող հավաքի ժողովրդին, ասի՝ մենք մի հող ունենք ու մեզ հարկավոր են ագրոնոմներ, անասնաբույծներ, եկեք հողագործություն սովորեք ու դրանով պահեք ձեր ընտանիքները։ Հիմա մարդը զբաղվում է գյուղատնտեսությամբ, բայց գյուղատնտեսությունից ոչ մի գաղափար չունի։ Դրա համար էլ արդյունքի չի հասնում։ Առաջին բանը, որ պիտի անեն սա է՝ անվճար մասնագետներ կրթեն։ Հիմա մարդն ուզում է գյուղատնտեսությամբ զբաղվի, բայց էն հասարակ պատվաստ անելր չգիտի։ Ինչու ամո՞թ է սա մի անգամ խոստովանելը և սովորելը։ Թող մարդկանց հավաքեն սովորեցնեն։ Ես հիշում եմ իմ հայրը անտառում պատվաստներ էր անում ու մի 2-3 տարի հետո՝ գարնանը բոստան բերում։ Բա ամոթ չի՞, որ հիմա գյուղում ապրողը պատվաստ անել չիմանա։
Հեղինակ-Ամոթ է, իհարկե։ Մեր գյուղնախարարությունը լցված է պարապ-սարապ մասնագետներով, թող գործուղեն այստեղ, ցրեն գյուղերով, ձեռքները ժամանակացույցը տան և ասեն՝ այսքան ժամանակում այսքան մարդու այգեգործություն եք սովորեցնում։ Դրա համար ոչ մի հատկացում էլ պետք չի, անգամ կարող են ձեր տներում էլ գիշերել։ Ապշելու բան է, որ էս հողն աղակալում, մեռնում է, ինչ է, թե չենք կարողանում մի քանի մասնագետի իրենց աթոռներից կտրել ու բերել այստեղ։
-Բա ասա է։ Անտառը լիքն է ամեն ինչով, ուզեն էս հողը մի քանի տարում կծաղկեցնեն։ Մենք սովետի ժամանակից այգիներ ունենք, անտառը եկել խցկվել է արդեն այդ այգիները, կորչում են այդ ծառերը։
Հեղինակ-Բա ափսոս չի՞։ Ախր գյուղացիներով հավաքվեք, խելք խելքի տվեք, ձայն բարձրացրեք, ինչո՞ւ եք լռում, չեմ հասկանում։
-Հենց գնում ասում ես՝ ուզում եմ այս այգիները մաքրել, մի գործ անել, ասում են՝ գնա գրանցի, որ հարկը տաս։ Բայց ո՞վ հիմա փող ունի, գոնե սպասի, մի խնձոր պոկեմ էդ ծառից, նոր արի կեսը տամ քեզ, հիմա էս տկլոր ջանից ի՞նչ հարկ ես ուզում ախր։ Բա մարդուն էսպես կնեղացնե՞ն, կխռովեցնեն իր հողից։
Հեղինակ-Դե սպասի մի րոպե, հիմա ես ու դու էս հարցը ձևակերպենք, տանեմ դնեմ վարչապետի առաջ։
-Հա, գնա էդպես էլ ասա, ասա էդ 1000-2000 դրամ հարկով Ղարաբաղը չի հարստանա, բայց մարդիկ գոնե կմտեն այգիները, մի գործ կանեն, հենա դու ես ասում, թե քանիսով ես Երևանից բերած խնձորն առել, վատ կլինե՞ր, որ մեր Ղարաբաղի էն անուշ միրգն, ուտեիր. էս խնձորի տեսքին մի նայի է, մի հատ փորձի տես ինչ համուհոտ ունի սա... Մի ձևի ժողովուրդն էլ է փոխվել է, ո՞նց ասեմ։
Հեղինակ-Միշտ էդպես է. գործազրկությունը ժողովրդի ամենալավ հատկանիշները կարող է փոշիացնել։ Մանավանդ իր հողից խռոված մարդն իրեն պոկում է իր արմատից, բայց հողի հետ խոսող մարդը խոսում է նաև այդ հողի տակ ննջող իր նախնիների, ընդհանրապես՝ հին քաղաքակրթությունների հետ։
-Հա, էդպես է, իսկ Արցախը լրիվ այլ տիեզերական նշանների տակ է, մենք փոխանակ դրանք հասկանանք, մարդու ամենահին զբաղմունքն են արդեն մոռանում՝ մտածելով, թե երկնքից խնձորներ է ընկնելու մեր գլխին։ Հետո մարդկանց պիտի վարկավորեն այդ գործերն անելու համար։ էդ էլ ահագին ռիսկային բան ա, բնության հետ պայմանագիր չես կնքի՝ կարկուտի, անձրևի հետ ինչ պայմանավորվես։
-Բա մի քանի օրից ընտրություններ են Արցախում, ի՞նչ եք մտածում, ո՞ւմ եք գրելու, ո՞ւմ եք ջնջելու։
-Ժողովուրդ է, էլի. կգնա, կընտրի, փոքր երկիր է՝ մեկը մյուսին ճանաչում է։ Քաղաքական նոր ուժեր էլ չեն երևում, հնին կընտրեն։ Բակո Սահակյանի նախագահ դառնալուց հետո, ժողովրդի համար սկսել են փող ծախսել։ Մթնոլորտն ահագին փոխվել է. տեսնենք։ Բայց երբ իշխանությունը գալիս ասում է՝ լոդրացել եք, չեք աշխատում, ես շատ եմ վիրավորվում, մենք պարազիտ չենք, թող գործի տեղն ասեն ու տեսնեն, թե ոնց ենք աշխատում։ Պատերազմ էր՝ լավ կռվեցինք, խաղաղություն է՝ պիտի լավ աշխատենք։ Էն էլ սա ինչ խաղաղություն է. սա դեռ խաղաղություն չէ։
Հեղինակ-Բա ի՞նչ պիտի լինի, ե՞րբ պիտի բարիշեն այս երկու հարևանները։
-Պիտի բարիշեն, անպայան։ Թշնամուդ պիտի ներես անպայման, բայց պիտի վիրավորանքիդ մուռը հանես ու նոր ներես։
Հեղինակ-Հիմա այդ «մուռի» սահմանը մինչև որտե՞ղ է։
-Հենց ճանաչելն է մուռ հանելը։ Թո՛ղ ճանաչեն մեր անկախությունը, հետո կներենք։
Հեղինակ-Իսկ եթե որոշ զիջումներ պարտադրվի՞։
-Երբեք, ոչ մի դեպքում։ Մի փոքր զիջեցիր, շատ բան են տանելու։ Հիմա ավելի լավ կլինի մտածել Նախիջևանի մասին։ Ուղղակի ստիպես, որ տան մեզ։
Հեղինակ-Հետո էլ Նախիջևանը, չէ՞, դե դրանից հետո էլ՝ հայտնի երգի պարտադրանքով՝ ելնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ , Ալաշկերտ, Արդահան... Այ սիրելիս, ախր պատերազմը քեզանից տարավ քո առողջությունը, դու ամենաշատը պիտի վախենաս պատերազմից։
- Իհա՛րկե, ես պատերազմ չեմ ուզում։ Այդպիսի մարդ կա՞, որ ուզում է պատերազմ լինի։ Բայց Արցախն էլ չէինք հավատում, որ նորից մերը կլինի, բայց եղա՞վ չէ։ Ուրեմն երազելը, մտածելը պարտադիր է, այլ կերպ մեր հայրենիքը ինչպե՞ս պիտի ամբողջացնել։
Հեղինակ- Հիմա այսքանը մերն է, մենք ինչո՞ւ չենք կարողանում գոնե մեր ոտի տակի հողը մշակել, այդ հողի վրա երջանիկ լինել։ Այս հայրենիք, պետություն, ամենը պիտի չափես մեկ միավոր մարդու վրա. եթե այդ միավորն իրեն չի գտնում այդ հողի վրա, ուրեմն մնացած ամեն ինչ սուտ է։
-Ես հենց քո պես էլ մտածում եմ։ Բայց ես, որ պիտի ունենայի 3-4 տղա, հիմա մեկն ունեմ։ Երբ պետությունը սրա պատճառի մասին մտածի, այ էդ ժամանակ էլ շատ բան կկարգավորվի։
Հեղինակ-Մի անհամեստ հարց. ամսվա մեջ մոտավորապես որքան փող է ծախսում ձեր 5 հոգանոց ընտանիքը։ Եթե հարմար չգտնեք, մի պատասխանեք, ուղղակի ուզում եմ համեմատել Երևանի միջինի հետ.այստեղ ամեն ինչ ավելի թանկ է, կարծես։
-250 հազար։ Ես թոշակ եմ ստանում, արաղ եմ քաշում, ծախում։ Հեսա, որ խմեք, կտեսնեք ինչ խմիչք եմ ես սարքում։ Գիտես, իմ սիրտը երբ կուրախանա, որ մի վայրկյան անգամ չկասկածեմ, որ իմ տղան էս տանն է թոռան տեր դառնալու։
Բայց քեզ մի բան ասեմ՝ դու ժխտականով ես խոսում մեկ-մեկ, պիտի հաստատումներով խոսել. տես՝ եթե մարդուն տեղ ես ուղարկել, երբեք չպիտի ասես՝ հանկարծ չմոռանաս, մոռանալու ծրագիր ես տալիս ախր։ Չեմ հիշում ինչի համար դու ասացիր՝ վատը չի, պիտի ասես՝ լավն է. ես երբեք չեմ ասում՝ մենք չպետք է պարտվենք, միշտ ասում եմ՝ մենք կհաղթենք, մենք պարտավոր ենք հաղթելու։
-Շնորհակալություն, իսկապես շատ արժեքավոր խորհուրդ եք տալիս, ու ես հիմա՝ հետևելով Ձեր խորհրդին ասում եմ՝ Դուք պարտավոր եք ոգեշնչվել, Դուք...
-Դուք չէ է՜, մենք. մենք պարտավոր ենք ոգեշնչվել, Մ Ե Ն Ք․․․»:

ՎԱՐԴ Սիմոնյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր