211652_close_icon

Հակասահմանադրական դրույթներ կան․ ՄԻՊ-ը կդիմի ՍԴ բուհերի ինքնակառավարումը սահմանափակող որոշման հարցով

views-count1383 դիտում article-date 13:35 06-05-2021
«Ես դեռ դեկտեմբերին խիստ մտահոգություն էի հայտնել բարձրագույն ու հետբուհական կրթության մասին օրենքի մասին, որ ոչ միայն հաշվի չէին առնվել մասնագիտական շրջանակների կարծիքները, այլև՝ մարդու իրավունքների պաշտպանինը»։- Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի դիտարկմանը, թե Կառավարությունը որոշել է, որ փոփոխություն է մտցնելու ՀՀ երեք բուհերի՝ ԵՊՀ-ի, ՀՊՄՀ-ի, Գյումրու մանկավարժական համալսարանի կանոնադրությունների մեջ, ինչով սահմանափակվում է այդ բուհերի ինքնակառավարման իրավունքը, և հարցին՝ արդյո՞ք հակասահմանադրական որոշում չկա։

Հիշեցնենք՝ Կառավարությունը որոշում է ընդունել, որով հաստատել է պետական բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը։

Ըստ Թաթոյանի՝ դրանում հակասահմանադրական դրույթներ կային։ «ՀՀ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան, նաև ես պետք է կարծիք ներկայացնեմ ՍԴ՝ ամրապնդելով այն մոտեցումը, որ այդ օրենքն ունի բացահայտ հակասահմանադրական դրույթներ։ Հավանաբար, այսօր կամ վաղը դիմում կներկայացվի ՍԴ։ Հատկապես մտահոգիչ է, որ դարձյալ հաշվի չի առնվել բուհերի և մասնագիտական շրջանակների կարծիքը»,- ասաց Թաթոյանը՝ նշելով, թե Կառավարության այս որոշումն ավելի է վատթարացնում իրավիճակը։

Բացի դրանից՝ ըստ Թաթոյանի, ԿԳՄՍ նախարարության այս նախաձեռնությունն  անհարգալից վերաբերմունք է երկու սահմանադրական ինստիտուտների՝ ՀՀ նախագահի ու Սահմանադրական դատարանի հանդեպ։

«Իմ հիմնավոր ենթադրությամբ՝ Կառավարությունն առաջացրել է խնդիր և հիմա խնդիրը լուծում է բուհերի ինքնավարության հաշվին, ինչն անթույլատրելի է։ Չի կարող պետությունն իր պոզիտիվ պարտավորությունը չկատարել և խնդիրը լուծել բուհի ինքնավարության հաշվին»,- ասաց Թաթոյանը։

Նմանատիպ նյութեր