211652_close_icon
views-count1483 դիտում article-date 18:15 05-05-2021

Մեր հերկուլեսների բժիշկը Դավիթ Մոսինյանն է

Սպորտում միշտ կարևորվել է բժշկի դերը: Մարզիկի առողջությունը և հաջողությունը շատ  բանով առնչվում է բժշկի աշխատանքի հետ: Անհրաժեշտ է ճիշտ ախտորոշում , բուժում, դեղամիջոցի օգտագործում, մարզական ռեժիմ, դիետա և այլն:

Սպորտում ամենաքիչը բժշկի աշխատանքն է երևում: Նույնիսկ թիմային շռնդալից հաջողություններում նրա անունը հազվադեպ է նշվում:

Ուրիշ է, երբ թիմը կամ մարզիկը ձախողվում է, որին հաջորդում է վերլուծությունը: Այս պարագայում բանախոսները հիշում են  Հիպոկրատի երդում տված մասնագետներին:

Այս ամենի մասին լավ գիտե Հայաստանի ծանրամարտի հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանը: Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանն ավարտելուց հետո, 2004 –ին   ընդունվեց և ավարտեց նաև նշած բուհում այն ժամանակ ստեղծված մարզական բժշկության երկամյա օրդինատուրան:

Շնորհալի երիտասարդը մանկուց է սիրել սպորտը: Բակի երեխաների հետ մասնակցել է բոլոր խաղերին, զբաղվել է բազմաթիվ մարզաձևերով: Բայց  հաջողության չի հասել:

Պատահականորեն հայտնվեց ծանրամարտում և արդեն 15 տարի հերկուլեսների  առողջության մասին է հոգում: Նրանց հավատարիմ թիմակիցն է ուսումնամարզական հավաքներում և տարբեր նշանակության մրցաշարերում: Հրաշալի գիտե յուրաքանչյուր ծանրորդի առողջական վիճակը, ֆիզիկական,  ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, նախասիրած սննդատեսակը և մարզական այլ որակներ:

Չի մերժում իրեն դիմող որևէ մարզիկի, ընդառաջում է նրանց, բայց ՝ կատարում է միայն անհրաժեշտը և օգտակարը:

Համավարակի անցանկալի մուտքը երկիր չխաթարեց ծանրորդների աշխատանքը: Մարզիչների հետ միասին բժիշկը կազմակերպական համապատասխան միջոցներ ձեռնարկեց կովիդի ճանապարհը հավաքական փակելու համար, ասել է թե՝ բժշկի անմիջական մասնակցությամբ կիրառվեց առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ պարետի սահմանած կանոնակարգը: Արդյունքում մեր ծանրորդների հաղթանակներն են , որոնցից վերջինը գրանցվեց Եվրոպայի մոսկովյան առաջնությունում:

Դավիթ Մոսինյանը մշտական կապի մեջ է ՀԱՕԿ –ի և Տոկիոյի ամառային խաղերի կազմկոմիտեի հետ: Դա աշխատանքն է պահանջում, որովհետև երևանցի մասնագետը Տոկիոյի օլիմպիական խաղերում կկատարի նաև <<  Կովիդ – 19 >>   սպայի պարտականություններ:

Բժշկին երբեմն հարցնում են,  թե ինչի շնորհիվ է , որ նա չի վարակվում կովիդով: Պատասխանը մեկն է.  պետք է հարգել սահմանված կանոնները: Այն մասին, որ խաղերի կազմկոմիտեն որոշել է ամեն օր թեստավորել մարզիկներին, Դավիթն ասաց, որ դա հոգեբանական լրացուցիչ  դժվարություն է  օլիմպիականների համար: Բայց հարգանքով պետք է մոտենալ պահանջին, որովհետև դա վերաբերում է բոլորին:

Զրույցներից մեկի ժամանակ ՀՀ ծանրամարտի ազգային  հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ իրենց հաջողությունների 50 տոկոսը դոկտոր Դավթի անդուլ աշխատանքի արդյունքն է,  30 տոկոսը ՝ ծանրորդների և միայն  20 տոկոսը պետք է վերագրել  մարզիչներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր