211652_close_icon
views-count2674 դիտում article-date 10:27 05-05-2021

Եթե ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Չինաստանում իշխանության գլխին լինեն Փաշինյանի նմանները, ապա մարդկությունը կվերանա․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երկուշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ խրոխտ բացականչությունների, հայտարարել է, որ Հայաստանում իշխանափոխություն չի լինի:

Ընդդիմադիրներից ոմանք դա հասկացան (կամ ձեւ արեցին, որ հասկացան) այնպես, որ վարչապետն ասաց, թե նա երբեք իշխանությունը չի հանձնի եւ իշխելու է ցմահ: Վստահ եմ, որ հենց այդպիսին է Փաշինյանի ցանկությունը՝ նա կգնա բոլոր հնարավոր եւ անհնարին քայլերի (այդ թվում քաղաքացիական բախումներ կհրահրի), միայն թե իր իշխանությունը չզիջի ոչ մեկին: Եվ պատճառն էլ պարզ է. ինչպես նա է հետապնդում նախորդ իշխանության ներկայացուցիչներին, այնպես էլ՝ տասնապատիկ ավելի դաժան ձեւով ցանկացած հաջորդ իշխանություն հետապնդելու է իրեն եւ իր մի քանի թիմակիցներին:

Գործող ղեկավարին անվտանգության եւ չհետապնդելու երաշխիքներ տալը ճիշտ է (հասկանում եմ, որ վրեժխնդրության հույզերով ապրողներին դա դուր չի գալիս), որովհետեւ հակառակ դեպքում նա ատամներով կառչելու է իր աթոռից՝ իմանալով, թե ինչ է նրան սպասում: 

Բայց կոնկրետ այս ելույթում վարչապետը նկատի ուներ այլ բան: Ըստ նրա, 2018 թվականից իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին եւ, հետեւաբար, այդ իշխանությունը ժողովրդի ձեռքից հնարավոր չէ խլել: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ՝ «իշխանությունը պատկանում է ժողովրդին» բանաձեւը (որը գրված է մեր, ինչպես նաեւ բազմաթիվ այլ երկրների սահմանադրություններում) կեղծիք է եւ երեսպաշտություն: Այդ բանաձեւը հնարել են եւ ավելի քան 3 դար շահագործում են ճարպիկ քաղաքական աճպարարները՝ մարդկանց վրա իշխելու համար: Անկախ նրանից, թե ինչպես է ձեւավորվել իշխանությունը՝ արդար կամ անարդար ընտրություններով, ժառանգաբար, հեղափոխության, թե հեղաշրջման միջոցով, միեւնույն է՝ իշխանությունը ԵՐԲԵՔ եւ ՈՉ ՄԻ ԵՐԿՐՈՒՄ ժողովրդին չի պատկանել եւ չի պատկանում:

Իշխանությունը պատկանում է նրանց, ովքեր պետության մեջ որոշումներ են ընդունում՝ վերնախավին, եթե ուզում եք: Ոչ թե այն «կեղծ» կամ «անկեղծ» էլիտային, որի մասին վերջերս հաճախ է խոսվում, այլ իրական վերնախավին: «Իմքայլական» ցանկացած պատգամավոր, անկախ իր մտավոր ունակություններից, կարող է ազդել ընդունվող որոշումների վրա (գոնե քվեարկությամբ), ես չեմ կարող: Հետեւաբար, նա էլիտա է, ես՝ ոչ:

Մինչեւ 2018 թվականը մենք ունեցել ենք կոռումպացված, հղփացած, ճարպակալած ուղեղով էլիտա, հիմա ունենք տգետ, անմեղսունակ, անպատասխանատու վերնախավ: Ո՞րն է ավելի աղետաբեր՝ դատեք ինքներդ:

Պարզապես կայացած, հատկապես խոշոր պետություններում ստեղծված են որոշակի մեխանիզմներ, որոնք արգելակում են անպատասխանատու արկածախնդիրների մուտքը իշխանություն: Դա կապ չունի «ժողովրդի իշխանության» հետ, խոսքը պարզապես պետության «պաշտպանական մեխանիզմների» մասին է: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ընդունված ստանդարտներով «ժողովրդավարական» ԱՄՆ-ի, կամ նույն չափանիշներով «ոչ ժողովրդավարական» Ռուսաստանի եւ Չինաստանի իշխանության գլխին լիներ Փաշինյանի նման մեկը: Մարդկությունը հաստատ կվերանար»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր