211652_close_icon
views-count724 դիտում article-date 13:49 05-05-2021

Երեխաների շրջանում COVID-19-ի տարածման կայունությունը պահպանվում է, ակտիվություն է առկա այլ վարակների պարագայում

Հայաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի 4-4.5 տոկոսը բաժին է ընկնում երեխաներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում մանկաբուժության հարցերով ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու Սերգեյ Սարգսյանը նշեց, որ վարակի բռնկումից ի վեր, բոլոր ժամանակներում գրեթե նույն ցուցանիշն է եղել:

«Հայաստանում մարտի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվել է մոտ 8 հազար 500 երեխա: Հետաքրքիր միտում է. վերջին մեկ տարվա ընթացքում ընդհանուր հաստատված դեպքերի թվում երեխաների վարակվածությունը եղել է 4-4.5 տոկոս: Այդ դինամիկան է թե ամսվա կտրվածքով հաստատված դեպքերի կառուցվածքում է, թե տարվա: Առանձնապես վարակվածության պիկեր չենք ունեցել: Հանրապետությունում կորոնավիրուսի երրորդ ալիքի պիկն այս մարտին է եղել, սակայն կրկին երեխաներին բաժին է ընկնող դեպքերի թիվը ընդհանուր կառուցվածքում կազմել է 4.5 տոկոսի սահմաններում»,-ասաց Սերգեյ Սարգսյանը: Նրա խոսքով, ներկայում կորոնավիրուսային հիվանդությամբ հանրապետությունում հոսպիտալացված է 20-25 երեխա: Կան թոքաբորբերով, միջին ծանրության երեխաներ, սակայն առանձնահատուկ ծանր հիվանդներ չկան: Հոսպիտալացման պիկ գրանցվել է նախորդ տարվա աշնանը, երբ հիվանդանոցներում բուժում ստացող երեխաների թիվը 100-ի էր հասնում: 

Երեխաների ո՞ր տարիքային խմբերի մոտ է ավելի շատ նկատվում կորոնավիրուսային հիվանդություն. հարցին ի պատասխան, մասնագետը նշեց, որ հավասարաչափ բոլոր տարիքային խմբերում լինում է: Մի փոքր ավելի դեպքեր նկատվում է մինչև մեկ տարեկանների մոտ: Այդ տարիքում երբ երեխան ջերմում է, մի փոքր ավելի ուշադրություն ու անհանգստություն է լինում: Հոսպիտալացումները նույնպես այս տարիքային խմբում մի փոքր ավելի են: Սերգեյ Սարգսյանը նկատեց, որ հետևել են դպրոցականների շրջանում դինամիկային: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տարիքային խումբը շատ դեպքերի թվով աչքի չի ընկնում:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսային հիվանդությունից հետո հնարավոր հետևանքներին, ինչպես, օրինակ, դա հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ, Սերգեյ Սարգսյանը նշեց, որ այդ մասով ընդհանուր միտում չկա: Երեխաները հիմնականում հիվանդությունից հետո բարդություններ չեն ունենում:

«Երեխաների պարագայում կորոնավիրուսային հիվանդության հետևանքները եզակի դեպքեր կարող է եղած լինել, ամեն դեպքում նման օրինաչափություն չի նկատվել, իսկ թե ինչ կլինի հետո, դժվար է ասել»,-ասաց մասնագետը: 

Խոսելով երեխաների շրջանում հնարավոր պատվաստումներից` Սերգեյ Սարգսյանը նշեց, որ աշխարհում երեխաների շրջանում համատարած կանոնավոր պատվաստումների դեռ չեն գնում: Եթե արվում է, ապա փուլային տարբերակով, թեպետ դրանց մասին եզակի հաղորդագրություններ են գալիս:

«Հայաստանում մենք գործ ունենք մի տարիքային խմբի հետ, երբ գրանցվել է մահվան մեկ դեպք և դա ավելի շատ կողմնակի հիվանդություններով էր պայմանավորված: Ավելի մեծ տարիքային խմբերում տեսնում ենք, թե օրական որքան մահվան դեպք է գրանցվում: Այնպես, որ պատվաստանյութի սահմանափակ լինելու դեպքում, կարծում եմ, որ  նախապատվությունը պետք է տալ այն խմբերին, որտեղ ավելի շատ են մահերը»,-ասաց նա:

Կորոնավիրուսի տարածման ֆոնին հասարակության ուշադրությունից դուրս մնացին այլ վարակները, սակայն մասնագետը նշում է, որ այս շրջանում այլ վարակների ակտիվացում է նկատվում, մասնավորապես, աղեստամոքային, շնչառական: Սերգեյ Սարգսյանի խոսքով, դա բնորոշ է գարնանային սեզոնին: Այժմ մանկաբուժական հաստատությունները ծանրաբեռնված են աշխատում: Մասնագետը խորհուրդ է տալիս կանխարգելիչ միջոցառումներին ուշադրություն դարձնել՝  հետևել երեխաներին, սենյակի օդափոխությանը, հիգիենային, անհրաժեշտության դեպքում դիմել մանկաբույժին, երեխայի մոտ չծխել:

Նմանատիպ նյութեր