211652_close_icon
views-count42629 դիտում article-date 22:38 03-05-2021

Երևանում թալանել են ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ը. պատճառվել է խոշոր չափի վնաս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  մայիսի 1-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:  Կեսօրին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Դավիթ Ալթունյանը և հայտնել, որ ապրիլի 30-ի ժամը 19:40-ից մինչև մայիսի 1-ի ժամը 13:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Այասի փողոցում գտնվող ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ի դռան ճաղավանդակը պոկել, մտել են ներս և մարզասրահից գողություն կատարել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը հափշտակել են նոութբուքեր, գույք, բժշկական պարագաներ:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

 Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Դ. Ալթունյանը աշխատում է ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ում՝  որպես տնորեն, իսկ կենտրոնին պատճառվել է մոտ 3 մլն դրամի վնաս:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր