211652_close_icon
views-count1397 դիտում article-date 21:45 29-04-2021

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ

Ապրիլի 29-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գի Տեսիեին, Ֆրանսուա Պուպոնիին, Վալերի Բուայեին, Մարգրիտ Դըպրե-Օդըբերին և Քսավիե Բրետոնին:

Արա Այվազյանը գոհունակություն հայտնեց հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության և հայ-ֆրանսիական բարեկամության օրակարգը հետևողականորեն առաջ մղելու գործում ֆրանսիացի խորհրդարանականների ունեցած մեծ ավանդի և հետևողականության առնչությամբ: Նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին ֆրանսիական կողմից նման բարձր ներկայացվածությունը համամարդկային արժեքներին և արժանապատվությանը Ֆրանսիայի աներեր հանձնառության վերահաստատումն է:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Ֆրանսիայի ԱԺ ներկայացուցիչները մտքեր փոխանակեցին հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Բարձր գնահատվեց խորհրդարանական հարթակում ձևավորված սերտ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Այս համատեքստում Արա Այվազյանը խորհրդարանականների ուշադրությունը հրավիրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության, արցախահայության առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների և դրանց հասցեագրման հրատապության վրա: 

ԱԳ նախարարի պաշտոնակատար Այվազյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի խորհրդարանականներին պատերազմի ընթացքում և դրան հաջորդած շրջանում արցախահայությանն աջակցելու համար:

Նմանատիպ նյութեր