211652_close_icon
views-count1455 դիտում article-date 11:11 29-04-2021

Կառավարության անդամները առաջիկա շաբաթվա ընթացքում կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, այդ թվում՝ քաղաքացիների պատվաստվելու կարևորությանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ ավելի քան մեկ տարի աշխարհն ապրում է համավարակի պայմաններում, ու ՀՀ կառավարության ռազմավարությունն ի սկզբանե եղել է հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն՝ բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով:

«Պատերազմի պատճառով գուցե ուշադրություն չենք դարձրել պատվաստումներին, սակայն հիմա կա պատվաստման բավականին մեծ պոտենցիալ, բայց բախվում ենք մի խնդրի, որ այդ պոտենցիալը պատշաճ մակարդակով չի իրականացվում»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այսօր գրանցվել է կորոնավիրուսի 656 նոր դրական դեպք, 2000-ից ավելի վարակակիր գտնվում է հիվանդանոցներում: Վերջին օրվա ընթացքում գրանցվել է 16 մահ: Մահերի թիվն արդեն իսկ անցել է 4000-ը: Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ մեր երկրում հասանելի են պատվաստանյութերը 18 տարին լրացած քաղաքացիների համար:

Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ ապրիլի 28-ին ինքն ու փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պատվաստվել են, ինքն իրեն լավ է զգում:

«Պատվաստումը այն միակ միջոցն է, որն օգնելու է վերջ դնելու մահերի աղետալի ընթացքին ու զսպելու հաջորդ աղետալի ընթացքին», - ասաց տիկին Ավանեսյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ պետք է սկսել իրենցից՝ մի շաբաթվա ընթացքում կառավարության բոլոր անդամները պետք է պատվաստվեն: «Եթե որևէ պատվաստանյութ ներկայացնի որևէ վտանգ քաղաքացիների առողջությանը, կյանքին, ՀՀ կառավարությունն ուղղակի այդ պատվաստանյութը չի ընդունի», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ շատ մեծ լրատվական շահարկումներ կան պատվաստանյութերի առումով:

«Ամենևին զարմանալի չէ այն արշավը, որ կա Հայաստանում, որովհետև պատվաստումների դեմ, ցավոք, վերջին տարիներին Հայաստանում շարժումներ են սկսվել, որոնք չգիտես, թե ինչ նպատակ ունեն: Մենք բոլորս պետք է պատվաստվենք: Այս պահի դրությամբ Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Հիմա աշխարհում պատվաստվածների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով, այնպես որ՝ սա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ շուտով որևէ ճամփորդության համար պատվաստումը պետք է լինի պարտադիր:

Վարչապետի պաշտոնակատարը պատվաստվելը կարևորեց ոչ միայն Հայաստանից արտերկիր ճամփորդությունների, այնպես էլ մեր երկիր ժամանող զբոսաշրջիկների համար:

Նմանատիպ նյութեր