211652_close_icon
views-count1451 դիտում article-date 19:55 28-04-2021

Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղարի և ՌԴ ԱԽ քարտուղարի հանդիպումը

Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Կողմերը ընդգծեցին Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների առանձնահատուկ հարաբերությունները և ինտենսիվ շփումները: Երկուստեք կարևորեցին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների գծով փոխգործակցության զարգացումը:
Անվտանգային միջավայրի ապահովման համատեքստում Արմեն Գրիգորյանը անդրադարձավ հայկական Զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին, այս հարցում կարևորելով երկու երկրների Զինված ուժերի փոխշահավետ համագործակցությունը, հաշվի առնելով հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը:

Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը կարևորեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում բնականոն կյանքի վերականգնումը Լեռնային Ղարաբաղում: Նա նաև ընդգծեց տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում հաստատվեց Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև  2021 – 2022 թթ. համագործակցության պլանը:

Հանդիպման  ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում փոխադարձ այցերի իրականացման վերաբերյալ:
 
 
 
 

Նմանատիպ նյութեր