211652_close_icon
views-count758 դիտում article-date 12:53 28-04-2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին վերապահվել է նոր վարչական գործիք՝ գործունեության կասեցում

Օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին վերապահվել է նոր վարչական գործիք. Այն է՝ գործունեության կասեցում: Այս մասին  տեղեկանում ենք Բնապահպանական եւ ընդերքի տեսչականմարմնից:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Եթե Դուք նախաձեռնել եք Ձեր գործունեությունը 2020 թվականի հոկտեմբերի 17-ից հետո, ապա գործունեության կասեցման վերաբերյալ կարգավորումներն արդեն իսկ գործում են Ձեզ համար:

Իսկ եթե Դուք գործունեությունը նախաձեռնել եք մինչ 2020 թվականի հոկտեմբերի 17-ը,  ապա կարգավորումները ուժի մեջ կմտնեն  2021 թվականի հոկտեմբերի 17-ից:

Գործունեության կասեցումը գործընթաց է, որի միջոցով օրենքով սահմանված դեպքերում անհապաղ ժամանակավորապես դադարեցվում է ստուգվող սուբյեկտի գործունեությունը՝ մարդու իրավունքների և առողջության, պետության շահերի, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման նպատակով:

Ի՞նչ է գործունեության կասեցումը.

Դիտարկումը բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման կանխարգելման, բացահայտման և նախազգուշացման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջություն է:

Գործունեության կասեցումը կիրառվում է միմիայն ստուգման շրջանակներում հետևյալ առավել վտանգավոր և կոպիտ բնապահպանական իրավախախտումների դեպքում՝

ստուգվող սուբյեկտն առանց կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի օգտագործում է կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության բույսերի կամ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակ.

ստուգվող սուբյեկտն առանց լիցենզիայի գործածում է առաջին, երկրորդ կամ երրորդ դասի վտանգավորության աստիճան ունեցող վտանգավոր թափոններ.

ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջրօգտագործում՝ առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ջրօգտագործման թույլտվություն ստանալու.

ստուգվող սուբյեկտն իրականացնում է ընդերքօգտագործում՝ առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու.

առկա է շրջակա միջավայրի կամ ընդերքօգտագործման ոլորտի լիազոր մարմինների կողմից ստուգվող սուբյեկտի իրավունքը կասեցնող կամ դադարեցնող՝ ուժի մեջ մտած վարչական ակտ, սակայն ստուգվող սուբյեկտի կողմից փաստացի իրականացվում է գործունեություն.

ստուգվող սուբյեկտն իրականացնում է գործունեություն առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության, եթե օրենքով նախատեսված է, որ նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության.

ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջրօգտագործում էկոլոգիական թողքի հաշվին.

ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջրօգտագործում ռազմավարական ջրային պաշարի կամ ազգային ջրային պաշարի հաշվին՝ օրենքի խախտմամբ.

ստուգվող սուբյեկտն իրականացնում է անշարժ աղբյուրից աղտոտող նյութերի արտանետում՝ առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվությունների.

ստուգվող սուբյեկտն առանց որսի իրավունքը հավաստող փաստաթղթերի իրականացնում է սիրողական կամ արդյունագործական որս.

ստուգվող սուբյեկտը գործածում է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութեր կամ թունաքիմիկատներ:

Վերևում թվարկված դեպքերում անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալ հանգամանքները.

եթե շրջակա միջավայրին հասցվող վնասը հնարավոր է կանխել գործողությունների կասեցման միջոցով, կամ դրանք հնարավոր է վերացնել հայտնաբերման պահին, ապա ստուգման ընթացքում գործունեության կասեցման մասին որոշում չի կայացվում.

գործունեության կասեցման մասին որոշումը և գործողության կասեցման մասին որոշումը ենթակա են անհապաղ կատարման, ինչը նշանակում է, որ այդ որոշումների բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը.

գործունեության կամ գործողության կասեցումը դադարում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ, եթե ստուգվող սուբյեկտը խախտումները վերացրել է:

Նմանատիպ նյութեր