211652_close_icon
views-count769 դիտում article-date 15:45 28-04-2021

Երկաթուղային անվտանգություն․ ոստիկանության թեմատիկ անդրադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկաթուղին մի ամբողջ համակարգ է, որի կառավարումն ու անվտանգության ապահովումը բավական բարդ խնդիր է: Այս հարցում Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցների հետ սերտորեն համագործակցում է նաև ոստիկանությունը: Իսկ երկաթուղու անվտանգություն նախևառաջ նշանակում է մարդկանց անվտանգություն:

Առաջին անգամ չէ, որ անդրադառնում ենք թեմային: Բազմիցս ներկայացրել ենք երկաթուղային երթևեկի առանձնահատկությունները, նշել ռիսկերն ու անվտանգությանն ուղղված միջոցառումները, ներկայացրել անվտանգության կանոններն ու դրանց պահպանման անհրաժեշտությունը: Ու թեև Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները հավաստում են, որ քարոզչությունն արդյունք տվել է, սակայն շատ խնդիրներ մնացել են չլուծված: Իսկ դրանք հիմնականում կապված են քաղաքացիների տեղեկացվածության ու գիտակից վերաբերմունքի հետ:

Գնացքների երթևեկությունը վտանգող երևույթ է գունավոր մետաղի գողությունը երկաթուղային վազուրդիներից: Հատկապես տարածված է կապի մալուխի գողությունը, ինչը հանգեցնում է լուսացույցների աշխատանքի խախտման, կայարանների միջև կապի կորստին, և, հետևաբար, գնացքների երթևեկման լիարժեք կարգավորման անհնարինությանը:
Նման հափշտակությունների դեպքում գողոնի բուն արժեքը կարող է կազմել 500-1000 դրամ, սակայն հասցված վնասը կարող է լինել աղետալի` մարդկային կորուստներով:

Հարավկովկասյան երկաթուղու անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը սերտորեն համագործակցում են` նման հանցագործությունները կանխելու ուղղությամբ:
Անդրադառնանք նաև այլ ռիսկերի: Դրանցից մեկը, որ հատկապես սպառնում է գարնանից աշուն, ընտանի կենդանիների հոտերն ու նախիրներն են: Մարդիկ երբեմն կենդանիներին թողնում են առանց հսկողության: Մյուս վտանգը, հատկապես դպրոցական արձակուրդի օրերին, ծնողների հսկողությունից դուրս մնացած երեխաների անկանխատեսելի վարքն է: Նրանք անհոգ խաղում են գծերի մոտ, երբեմն` գծերի վրա:

Խնդիր է մնում քաղաքացիների և ավտոտրանսպորտի կողմից երկաթուղային գծերի հատումը: Փորձը ցույց է տալիս, որ շատերն են քամահրանքով մոտենում երկաթգծերը հատելու կանոններին և՛ որպես վարորդ, և՛ որպես հետիոտն: Մոռանում կամ պարզապես անտեսում են, որ մեքենավարն անկարող է շրջանցել գծի վրա հայտնված մեքենան, հարկ եղած դեպքում` կտրուկ արգելակել: Հիշեցնենք, որ գնացքի արգելակման ուղին մեկ կիլոմետր է:

Հատկապես մեծ ռիսկ են պարունակում անօրինական գծանցումները: Նախ՝ մեքենավարը տեղյակ չէ, թե որ պահին ծառութփի, մոտակա շինության հետևից դուրս կթռչի հերթական հետիոտնը կամ մեքենան, երկրորդ` չկան զգուշացնող ու արգելող նշաններ, արգելափակոցներ:

Պակաս վտանգավոր չեն նաև օրինական գծանցումները: Պատճառը որոշ վարորդների` կարգուկանոնին չենթարկվելու անզուսպ մղումն է: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 125-րդ հոդվածը վերնագրված է` Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը: Նման խախտումների համար նախատեսված են տուգանքներ` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի կամ քսանապատիկի չափով, սակայն ոչ մի տուգանքով մարդկային կյանքը չես գնահատի:

Կրկնում ենք՝ գնացքը չի կարող մեքենայի նման արգելակել ու կանգնել: Նույնիսկ վթարային արգելակման դեպքում գնացքը դեռ շարժվում է մոտ մեկ կիլոմետր, ու սա զրոյի է հավասարեցնում մեքենավարի կողմից վթարը կանխելու հնարավորությունը: Քաղաքացիների տեղեկացվածությունն ու գիտակից մոտեցումն են անվտանգության գլխավոր երաշխիքը:


[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր