211652_close_icon
views-count1301 դիտում article-date 17:39 27-04-2021

Պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքը պետք է պահպանվի. Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին

Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի (ք. Փարիզ) նախագահ Մոհամեդ Բենալիլուն ասոցիացիայի բոլոր անդամների անունից բաց  նամակ է հղել ՀՀ  Ազգային ժողովի նախագահ  Արարատ  Միրզոյանին`   առաջարկելով պահպանել Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքին առնչվող դրույթը:

Գործող դրույթը սահմանում է, որ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:

Մոհամեդ Բենալիլուն մտահոգություն է հայտնել այն մասին, որ այս դրույթի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ փոփոխությունը կթուլացնի հաստատության գործունեության ընդհանուր արդյունավետությունը և հատկապես նրա կարողությունը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ երկրի ողջ տարածքում ազատությունից զրկման վայրերն արդյունավետ մշտադիտարկում իրականացնելու համար:

Բացի այդ, ասոցիացիայի նախագահն իր նամակում արձանագրել է, որ առաջարկվող փոփոխությունը նախաձեռնվել է առանց Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկման և ներգրավմամբ:
Հաշվի առնելով  Փարիզյան և Վենետիկյան սկզբունքները, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Օմբուդսմանի և միջնորդական հաստատությունների դերը մարդու իրավունքների, լավ կառավարման և իրավունքի գերակայության խթանման և պաշտպանության գործում» բանաձևի վրա՝ նամակում կոչ է արվել պահպանել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դրույթը:
 
Ծանոթագրություն. Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիան 36 ֆրանկոֆոն պետությունների 47 անդամներից կազմված միջազգային անկախ ասոցիացիա է: Կենտրոնակայանը գտնվում է Փարիզում։ Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի գործունեության ուղղված է ֆրանկոֆոն օմբուդսմանների հաստատությունների հզորացմանը, փորձի փոխանակման աջակցությանը:
Ներկայացնում ենք նամակի ֆրասերեն տարբերակը և հայերեն թարգմանությունն ամբողջությամբ, որն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։

Հ.Գ. Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի (ք. Փարիզ) նախագահը ՀՀ Ազգային ժողովի նախագահին   բաց նամակ հղելիս տեղեկացված է եղել, որ Կառավարությունը հետ է կանչել Պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախության երաշխիքները վերացնող նախագիծը, սակայն նամակը գրվել է կանխարգելիչ նպատակով:

Նմանատիպ նյութեր