211652_close_icon
views-count913 դիտում article-date 14:28 24-04-2021

Այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում. Ֆրանսիայի Սենատի նախագահ

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն նշում է, որ ինքը չունի հայկական արմատներ, սակայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում իր սիրտը հայի սրտի նման է բաբախում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սենատի նախագահն ասաց Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելուց հետո:

«Աշխարհում քիչ են այս հուշահամալիրին համարժեք վայրերը։ Այստեղ մուտք ես գործում հուզմունքով լի` ծանոթ լինելով կատարվածին, այստեղից հեռանում ես փոխված։ Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում»,- ասաց Լարշեն:

Անդրադառնալով Արցախյան երկրորդ պատերազմին, Սենատի նախագահը նշեց, որ ռազմական գործողությունները, եթե դրանք անգամ հաջող են ընթացել, հաղթանակ չեն բերում և դրա մասին է սովորեցնում այս հուշահամալիրը։

«1915թ. հետո բազմաթիվ հայեր ապաստանեցին Ֆրանսիայում։ Մենք պատկերացնում ենք, թե ինչքան բան է Ֆրանսիան նրանց պարտական։ 20 տարի առաջ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա տեղի ունեցավ նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ, այս պատմությունն այսօր մեզ` եվրոպացի ֆրանսիացիներիս ստիպում է, որ երբեք չմոռանանք դա։ Վաղն առավոտյան Ֆրանսիայում պետք է հիշատակեն նացիստական արտաքսումների զոհերի հիշատակը։ Բոլորով միասին մենք պետք է հիշենք մարդկային արժանապատվության և ժողովրդավարական արժեքների մասին։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց Սենատի նախագահը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն, այդ թվում Ֆրանսիան, որը ճանաչման և դատապարտման մի քանի որոշում ու բանաձև ունի: 2019թ. ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամանագիր է ստորագրել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին:

Նմանատիպ նյութեր