ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն:
Հանդիսությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Ա. Մարալչյանի կողմից հայտարարված լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի հավերժ հերոսացած սահմանապահների և բոլոր հայորդիների:
Այնուհետև արարողությունն ուղեկցվել է նորակոչիկների կողմից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգի կատարմամբ և հանդիսավոր շքերթով:
Զորամասի շարահրապարակում, մարտական դրոշի ներքո, տեղի է ունեցել նաև խորհրդանշական այս միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը, որի ընթացքում նորակոչիկներն ընթերցել են զինվորական երդման տեքստն ու սահմանված կարգով ստորագրել այն:
Միջոցառմանը մասնակցել և շնորհավորանքի խոսքեր են հղել ՀՀ ԱԱԾ տնօրենի օգնական, ՍԶ վետերանների միավորման նախագահ Հ. Կարապետյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների, Սահմանապահ զորքերի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն իր շնորհավորական խոսքում բարձր է գնահատել զորամասի հրամանատարական կազմի կողմից նորակոչիկների ուսուցման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքները։
Արարողության ավարտին Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նորակոչիկների և վերջիններիս ծնողների հետ: