211652_close_icon
views-count707 դիտում article-date 18:01 23-04-2021

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ամբողջ աշխարհում մարդուն պետությունից ու պաշտոնյայից պաշտպանելն է և ոչ երբեք հակառակը․ Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կազմակերպած հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը և մանրամասն պարզաբանել է, որ իր իրավասությունը ոչ թե իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ կոնկրետ պաշտոնյաների իրավունքները պաշտպանելն է քաղաքացիներից, այլ մարդուն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնյանների արարքներից ու որոշումներից:

Ավելին, Արման Թաթոյան հիշեցրել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասն ուղիղ ամրագրում է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել»:

Սա է մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ողջ աշխարհում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական զինված ուժերի կողմից նախաձեռնված ռազմական հարձակման արդյունքում խախտված իրավունքների պաշտպանության հարցեր, ներկայացվել են կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության սկզբունքները և դերը։

Հանդիպման վերջում Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է ուսանողների հարցերին։
 

Նմանատիպ նյութեր