211652_close_icon
views-count2381 դիտում article-date 16:58 23-04-2021

Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Jerusalem Post

Որպեսզի վստահ լինենք, որ աշխարհում այլևս կոտորածներ չեն լինելու, պետք է կոչենք իրերն իրենց անուններով. այս մասին ասվում է իսրայելական The Jerusalem Post-ի խմբագրականում, որը վերնագրված է. «Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, պարբերականը գրում է, որ թեպետ Իսրայելը որպես պետություն ստեղծվել է Հոլոքոստից հետո, սակայն այդ երկրում մինչ օրս շատ քիչ է խոսվում հայերի դեմ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության մասին: «Պատճառն այն է, որ հրեական պետությունը, որը տուն դարձավ նրանց համար, ովքեր ականատեսը եղան իրենց 6 միլիոն հայրենակիցների ոչնչացմանը նացիստների կողմից, դեռևս պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Ժամանակն է, որ սա փոխվի»,- գրում է The Jerusalem Post-ը:

Պարբերականը նշում է՝ կան դրական ազդակներ, որ այս տարի ի վերջո Սպիտակ տան ղեկավարը՝ Ջո Բայդենը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թեպետ այդ քայլը լարելու է հարաբերություններն ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև: Ինչպես ԱՄՆ պարագայում, այնպես էլ Իսրայելի դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչումից խուսափելը մինչ օրս մեծամասամբ պայմանավորված է եղել Թուրքիայի հետ հարաբերությունները լարելու հեռանկարով:

The Jerusalem Post-ը հիշեցրել է, որ 2018 թվականին խորհրդարանական Թամար Զանդբերգն առաջ էր քաշել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, սակայն այն հանդիպեց Իսրայելի կառավարության դիմադրությանը և չընդունվեց: Հետագայում նման նախաձեռնություններով հանդես եկան նաև պատգամավորներ Յաիր Լապիդն ու Գիդեոն Սաարը, սակայն դրանք ևս աջակցություն չստացան:

«Ավանդաբար, բացատրությունը, թե ինչու է Իսրայելը ձախողում այս հարցում, պայմանավորված է նրանով, որ այդ երկիրը ցանկանում է հնարավորություն թողնել բարելավելու կապերը Թուրքիայի հետ, որն իր ակնհայտ նախապատվությունը տալիս է Ադրբեջանին, այլ ոչ թե Հայաստանին: Սա ակնհայտ երևաց նախորդ աշնանը, երբ Իսրայելը զենքեր մատակարարեց Ադրբեջանին, որը Լեռնային Ղարաբաղի տարածքում կռվում էր հայերի դեմ:

Մինչդեռ մեկը չպետք է տեղի ունենա մյուսի հաշվին: Այո, Իսրայելն ունի աշխարհաքաղաքական հաշվարկներ, և դրանք չպետք է անտեսվեն, սակայն այն ունի նաև բարոյական պարտք, որից չպետք է պարզապես ազատվի: Որպես ժողովուրդ, որն անցել է ցեղասպանության ու հետապնդումների միջով՝ հրեաները պատասխանատվություն ունեն կանգնել մյուս ժողովուրդների կողքին, ովքեր նման կոտորածներ են տեսել»,- ասվում է իսրայելական պարբերականի խմբագրականում:

The Jerusalem Post-ը նշում է, որ ժամանակն է հայերի հետ կատարվածը կոչել իր անունով՝ Ցեղասպանություն: Եվ կարիք չկա վախենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, որը «հակասեմիթական խառնակչի վարք է դրսևորում Մերձավոր Արևելքում»:

«Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա պարզ մի օրենք է: Ժամանակն է, որ Կնեսետն ընդունի այն»,- եզրափակում է հոդվածը The Jerusalem Post-ը:

Նմանատիպ նյութեր