211652_close_icon
views-count1235 դիտում article-date 16:22 23-04-2021

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է հղել Գուտերեշին Ալիևի կողմից Հայաստանի դեմ ուժի կիրառման սպառնալիքների առնչությամբ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ապրիլի 22-ին  նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի ելույթում հնչած Հայաստանի դեմ ուժի կիրառման սպառնալիքների և տարածքային նկրտումների առնչությամբ։

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: 

Նամակում ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից բռնության և հակահայկական ատելության քարոզի ու ռազմատենչ գաղափարախոսության վրա, ինչը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի և սեփական հայրենիքում ապրելու իր իրավունքի, այլև ողջ տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ սա ակնհայտորեն փաստում է, որ գլոբալ համավարակի պայմաններում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զենքի ուժով լուծելու փորձ էր։
Դեսպան Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանի տարածքային պահանջները և սպառնալիքները ուժի կիրառմամբ ստեղծելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» սնանկ են թե´ պատմության և թե´ միջազգային իրավունքի տեսանկյունից, և նման հռետորաբանությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։

Ընդգծվել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը՝ գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների և քարոզելով բռնություն ու ռասիզմ ազգությամբ հայերի նկատմամբ Բաքվի «պուրակում», որը նացիստական շրջանի քարոզչության ակնհայտ նմանակում է։

«Հայաստանը դատապարտում է սադրիչ հռետորաբանությունը, ռասիստական գաղափարախոսությունը և ուժ կիրառելու սպառնալիքները, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը և վերահաստատում է միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում հանձնառությունների լիարժեք, անհապաղ և բարեխիղճ իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ռազմագերիների, պատանդների և գերեվարված այլ անձանց ազատ արձակման առնչությամբ»,-նշել է Մհեր Մարգարյանը։

Նմանատիպ նյութեր