211652_close_icon
views-count9173 դիտում article-date 10:29 23-04-2021

Մահացել է բանաստեղծուհի, գրականագետ Հասմիկ Դարյանը

Լրահոսը այս օրերին ավելի հաճախ է մահվան մասին լուրեր բերում՝ որպես կանոն համավարակից։ Բայց Հասմիկի մահը համավարակից չէ։ Նա իր ողջ կյանքում պայքարեց իր առողջության համար ու կարողացավ վեց տասնամյակից ավելի հաղթող դուրս գալ։ Ցավոք, այսօր գրող՝ արձակագիր և բանաստեղծ, բանասիրական գիտությունների թեկնածու, բազմաթիվ գրքերի հեղինակ Հասմիկ Դարյանը մեզ հետ չէ։ Նա ճանաչված գրող, արձակագիր Զարզանդ Դարյանի դուստրն էր։ Հասմիկը իմ համակուրսեցին էր՝ Երևանի պետական համասարանի  բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի։ Այդ ժամանակ իմացանք, որ Հասմիկը բանաստեղծություններ ու մանրապատումներ է գրում։ Կազմակերպեցինք դրա քննարկումը ֆակուլտետում, իսկ երեկոյան հյուրընկալվեցինք Զարզանդ Դարյանի օջախում։ Այստեղ էր նաև բանաստեղծ Սարմենը: Նա ողջունեց մեզ, իսկ Հասմիկին ասաց, որ այսպես են գրականություն մտնում։ Հիշեց նաև իր գրական մուտքը, 
ինչ-որ դեպք պատմեց։ Առավել ոգևորված  էր Հասմիկի հայրը՝ գրող Զարզանդ Դարյանը, քանի որ ՝տեսնելով առողջական դժվարություններ ունեցող դստեր առաջին գրական հաջողությունները չէր կարողանում զսպել իր ուրախությունն ու հրճվանքը։
 
Հետագայում այդ ընտանիքը մեզ համար հարազատ դարձավ, ուր ոչ միայն պարբերաբար հյուրընկալվում էինք, այլև հանդիպում հայ գրողների հետ, գրական քննարկումներ կազմակերպում։

Ու այսպես Հասմիկը բոլորիս համար հարազատ դարձավ՝ իր դժվարություններով ու ստեղծագործական ակտիվ որոնումներով, որոնց արդյունքը այն գրքերն էին, որոնք լույս էին տեսնում պարբերաբար։ Ավելի քան տասը գրքի հեղինակ  էր՝ «Կապույտ երազ», «Տաք մորմոք», «Աշնան ծաղիկներ», «Սև և սպիտակ», «Տրոփ»: Իր ստեղծագործական որոնումներում նա շատ համարձակ եղավ՝ ընթերցողին ներկայացնելով «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» ասք-պատգամը, իսկ ավելի ուշ՝ «Սասնա ծռեր» էպոսի չափածո մշակումը։ 

Տարիների ընթացքում նրա գրական խոսքը ավելի  իմաստուն ու խոհափիլիսոփայական  դարձավ՝ իր ապրած ու չապրած տարիների, հարափոփոխ իրավիճակների արձագանքներով, ժամանակի և տարածության արժևորումով։ Ու անհանգիստ մուսան նրանից անբաժան մնաց ու կյանքում նախևառաջ նա ապավինեց հենց դրան. 

Չխռովես ինձանից,
Իմ սիրելի մուսա,
Ամեն օր եկ ինձ այցի,
Որ արևն ինձ ժպտա։
 
 
Հասմիկ Դարյանը այն գրողներից էր, ում ստեղծագործական միտքը երբեք հանգիստ չառավ, քանի որ նրա պոեզիայի և արձակի սնման աղբյուրները՝ հայրենասիրությունն էր, ազգասիրությունը, ազգային ինքնությանը հավատարմությունը, որոնք նրա համար սրբության սրբոց էին.

Դու հայ մտքի օրրան,
Դու հայ ոգու խոյանք,
Ամենօրյա սխրանք,
Մայր Հայաստան։
                                                                                                        
Հասմիկ Դարյանի ստեղծագործական որոնումները մեր արժեքային համակարգին են նվիրվածմ որոնցում և՛ բերկրանք, և՛ հպարտություն կա, բայց և անհանգստություն։ Ամեն մի տողում խտացված է բանաստեղծի տառապանքը.

Իմ երգերը իմ խաչն էին,
Իմ չզսպված հառաչն էին,
Արդար ցասման շառաչն էին,
Իմ երգերը իմ կանչն էին։ 


Հասմիկ Դարյանը ոչ միայն բանաստեղծ էր, այլև ինքնատիպ մանրապատումների հեղինակ, որոնք իրականում արձակ բանաստեղծություններ են՝ ավելի ամբողջական, ավելի համարձակ, ավելի անկեղծ, բայց հասցեական փիլիսոփայությամբ։ Այստեղ խորությամբ է բացահայտվում նրա ստեղծագործական ձեռագիրը, հեղինակի լինելության դրաման. «Ես վհատվել եմ։ Այն աշխարհը, որով և որում ապրում էի մինչև հիմա, ավերակվել է, փլվել թղթե տնակի նման։ Չգիտեմ կկարողանամ այն նորից կառուցել։ Կամ գուցե ես պետք է նորից ծնվեմ»։

Ավելի քան վստահ եմ, որ Հասմիկ Դարյանը անընդհատ ծնվելու ու ապրելու է բոլոր նրանց հետ, ովքեր առիթ են ունենալու հաղորդակցվելու նրա թողած հարուստ ստեղծագործական ժառանգության հետ, որտեղ գրականին գումարվել է գիտականը՝ «Ներսես Շնորհալու բանաստեղծական արվեստը»։

Այստեղ էլ Հասմիկ Դարյանը հավատարիմ է մնացել իր ստեղծագործական խորաթափանցությանը ու համարձակությանը, թողնելով՝ ամենակարևորը բարի հիշատակի հետք: Դրանում դաջված է այն մեծ հարգանքը, որ  Հասմիկ Դարյանի նկատմամբ ունեն նրան ճանաչողները։

Հիշելու ենք այդ ինքնատիպ մարդուն, ով պայքարեց երկար տարիներ հանուն կյանքի ու այդ ընթացքում ստեղծագործեց ու աշխարհին տվեց իր անսահման  սերն ու նվիրումը։ 

Բարի հիշատակ, հավերժության ճամփորդ, սիրելի՛ Հասմիկ։ 

Սերգո Երիցյան  
Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր

 

Նմանատիպ նյութեր