211652_close_icon
views-count1007 դիտում article-date 10:16 23-04-2021

Մենավոր Բազեն. Ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ թուրքերեն լեզվով լույս է տեսել Սամվել Մհերյանի Մենավոր Բազեն պատմավեպը

Գրեթե 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից 1,5 հայ է բնաջնջվել, տեղահանվել հայրենիքից: Ապրիլի 24-ը պայմանականորեն է Ցեղասպանության օր համարվում, քանի որ 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնապոլսում ձերբակալվել է շուրջ 600 հայազգի մտավորական։ Այսօր ողջ հայությունը հարգում է նահատակված հայերի հիշատակը: Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակին:

Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են նախատեսված արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական,  քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ:

Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է: Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև: Հիշենք Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան եւ մյուս ողբերգությունները: Այն զգոնության դաս պետք է լինի բոլորի համար:

Աշխարհի մոտ երեք տասնյակ երկրներ տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ: Հայոց ցեղասպանության ականատեսների հուշերի և իրողության մասին գրվել են ինչպես տեղական մամուլում ու գրքերում, այնպես էլ օտարերկրացիների հուշերում ու հոդվածներում:

Խոսենք մի շատ հետաքրքիր ու կարևոր հրատարակության մասին,որի շնորհանդեսը տեղի ունեցավ սույն թվականի ապրիլի 22-ին հայ գրքասեր ու մշակութասեր կենտրոններից մեկում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում:

Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, պատմաբաններ, մշակութաբաններ, գրողներ՝մասնակցելու Սուրբ Էջմիածնի Մատենադարանի և «Խնուս» մշակութային հիմնադրամի կողմից Ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ համատեղ կազմակերպված սիրված մտավորական, Խնուս մշակութային հիմնադրամի տնօրեն Սամվել Մհերյանի «Մենավոր Բազեն» («Yalniz Sahin», ՖԱՄ հրատարակչություն, Ստամբուլ, 2020) պատմավեպի թուրքերեն թարգմանության շնորհանդեսին։

Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով:Այս գեղեցիկ ու պահանջատիրական երեկույթը վարում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչության տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը:

Ողջունելով հյուրերին նա մի քանի խոսքով խոսեց գրքի ու հեղինակի մասին՝ներկայացնելով միջոցառման մասին, ինչպես նաև հանրության առջև ներկայացավ թե որպես հրատարակիչ և թե որպես ընթերցող,նշելով այն հանգամանքն, որ գրքի թուրքերեն տարբերակը բավական պահանջարկ ունի Կոստանդինոպոլսում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ֆամ հրատարակչության տնօրեն Դեվրիմ Թեքինօղլուն,ով խոսեց գրքի կարևորության ու նպատակի մասին: Բանախոսությամբ հանդես եկավ սիրված մտավորական, Երևանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, Խնուս մշակութային հիմնադրամի նախագահ,գրքի գիտական խորհրդատու Էդիկ Մինասյանը:

Նա իր խոսքում նշեց, որ գրքի հրատարակությունը մի երևույթ է համարում,քանի որ այսօրվա թուրք հասարակությունը գրեթե անտեղյակ է ցեղասպանության իրական երևույթից, և որ նման աշխատությամբ պետք է նպաստենք այս իրողության տարածմամբ ու հայկական հարցի իրական ճանաչմամբ: Նա նշեց նաև, որ գիրքը բազմիցս հրատարակվել և որ սա Խնուսին նվիրված մի յուրօրինակ աշխատություն է: Գրքի կերպարներն իրական մարդիկ են,ովքեր պատմում են իրենց խնդիրների,պատմության,մղած ազատագրական պայքարի մասին: Նա նաև մի քանի անդրադարձ կատարեց գրքի մի քանի հետաքրքիր դրվագներին:

Մի քանի խոսքով գիրքը ներկայացրեց գրող թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր գործիչ Հակոբ Մովսեսը՝նշելով, որ այն շարունակում է հայ մեծերի անավարտ թողած ստեղծագործություններն ու նրանց գործունեությունը՝նշելով այն եզրահանգումն, որ գիրքն ունի ինչպես վավերագրական, այնպես էլ գեղարվեստական նշանակություն:

Նա նշեց, որ վեպը գրված է ոչ միայն մատչելի, այնպես էլ հարուստ անկեղծության ոճով: Իր ելույթն ավարտեց գրքի թարգմանության մասին խոսելով: Գրքի թարգմանության ու դրա դժվարությունների մասին խոսեց թարգմանիչը՝ Կոստանդինոպոլսում ծնված, սիրված մտավորական Պետրոս Չավիկյանը:

Միջոցառման ընթացքում ներկաներին ու գրքի հեղինակին իր սրտի խոսքերն ուղղեց, ինչպես նաև պահանջատիրական ելույթով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն սրբազան Միրզախանյանը: Այս պահանջատիրական երեկույթի ընթացքում գեղեցիկ երաժշտական կատարումով հանդես եկավ Անուշ Միրզախանյանը:

Գրքի հեղինակին, միջոցառման կազմակերպիչներին և հանդիսատեսին ուղղված խոսքով ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Միջոցառման վերջում կազմակերպիչներին ու մասնակիցներին ուղղված երախտիքի խոսքով հանդես եկավ Սամվել Մհերյանը՝նշելով, որ այս ծրագիրը լինելու է շարունակելի՝ Հայկական հարցի արդարացի ու վերջնական լուծման նպատակով:

Մի քանի խոսքով ներկայացնեմ գրքի բովանդակության մասին: Այսպիսով՝պատմավեպը հանդիսանում է Արևմտյան Հայաստանի Խնուս գավառում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած անցուդարձի գեղարվեստական նկարագրությունը, որն իր մեջ ներառում է և հայերի ցեղասպանության ողբերգական դրվագները, և խնուսցիների հերոսական ինքնապաշտպանությունը:

Գրքում ներկայացվում են հայ նահապետական տների և քրդական ցեղապետերի միջեւ տեղի ունեցած բախումները. դավադրություններ, վրեժխնդրություն՝ ուղեկցված սիրային, հերոսական ու հուզական տեսարաններով ու պատմություններով:Լուսաբանվում է պատմական դերակատարություն ունեցած հայորդիների անուններն ու գործը, որոնք բարոյականության, քաջության ու հայրենասիրության վառ արտահայտություն են: Ներկայացվում է, թէ ինչպիսի անդրադարձ ունեցան Խնուս գավառի վրա 1895 թ. Սասունի ապստամբությունը եւ Սուլթան Աբդուլ Համիդի ընդունած 1908 թ. սահմանադրությունը: Գիրքն ավարտվում է 1915 թ. Հայոց Մեծ Եղեռնի նկարագրությամբ:

Պատմաճանաչողական քարոզչություն իրականացնելու նպատակով գրքի որոշակի քանակություն մատակարարվել է ներկայումս Խնուսում եւ Մուշում բնակվող՝ դավանափոխ եղած հայերի ժառանգներին՝ ապագայում նրանց հայացքները դեպի Մայր Եկեղեցի ուղղելու հեռանկարով:

Գարիկ Ավետիսյան, lուսանկարները` Սիրարփի Կարապետյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր