Բա պետք է այդպես ստորանալով՝ բերման ենթարկվեն. Հրաչյա Հակոբյանը՝ բերման ենթարկված սյունեցիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ես որպես Նիկոլ Փաշինյանի աներձագ, տան անդամ՝ ասում եմ, որ կապիտուլյանտն էլ են իրենք, դավաճանն էլ, և մնացած բոլոր հայհոյանքները, որ հնչեցվեցին պարոն Փաշինյանի հասցեին, ես բառ առ բառ ուղղում եմ իրենց, ուղղակի եթերից ես չեմ կարող նման արտահայտություններ հնչեցնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Մենք երեկ տեսանք խուլիգանական պահվածք, բա պետք է բերման ենթարկվեն և պետք է այդպես ստորանալով՝ բերման ենթարկվեն, քանի որ նրանք հայհոյում են ՀՀ քաղաքացիներին: Կարող եմ ասել՝ այդ մարդիկ այն մարդիկ են, ովքեր տարբեր տեղեր ներկայանում են նույն դեմքով, ինձ համար ակնհայտ է, որ դա կազմակերպված ակցիա էր, քանի որ Երևանում էլ, Սյունիքում էլ նույն դեմքերն են»,- ասաց Հակոբյանը:
Նա ընդգծեց՝ ակնհայտ էր, որ ակցիան եղել է ուղղորդված. «Ուզում են տպավորություն ստեղծել, որ կարող են նմանատիպ հայհոյախառն հայտարարություններ հնչեցնել և դա մնա անպատասխան և ես հիմա ուզում եմ ասել՝ երեկվա հայհոյանքները չեն մնալու և չեն մնում անպատասխան»: