211652_close_icon
views-count1473 դիտում article-date 15:22 21-04-2021

Բեմադրության է պատրաստվում «Քաչալ ոզնին» բալետը. Նունե Սարգսյանը ներկա է գտնվել իր հեղինակած հեքիաթի բեմականացման փորձին

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է գտնվել իր հեղինակած «Քաչալ ոզնի» հեքիաթի հիման վրա բեմադրվող մանկական բալետի փորձին:

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Բալետի գաղափարը տիկին Սարգսյանինն է: Այն առավելապես բարեգործական նախագիծ է, որի բոլոր մասնակիցներն աշխատում են անվճար, այդ թվում՝ կոստյումների նկարիչ Այգանա Գալին (Լոնդոն): Բեմականացումն իրականացվում է հիմնականում երեխաների և պատանիների մասնակցությամբ: Մասնավորապես, երաժշտության հեղինակը 15-ամյա Գրիգոր Բալասանյանն է, բեմադրության հեղինակը Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսուցիչ Վահե Բաբաջանյանն է:

Ձայնագրությունն արվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Բեմադրությունը, որն ամբողջությամբ պատրաստ կլինի մոտ ապագայում, որպես մանկական բալետային ներկայացում հայ իրականության մեջ աննախադեպ է, քանի որ նախատեսված է ամենափոքրիկ երեխաների համար: «Բալետում մանկական խաղացանկը շատ քիչ է: Այդ պատճառով միշտ նման նախաձեռնության կարիքը և պահանջը եղել է: Համոզված ենք, որ բալետը շատ դուր կգա մեր հանդիսատեսին»,- ասել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի փոխտնօրեն Հասմիկ Մարկոսյանը՝ հավելելով, որ երեխաները մեծ ոգևորությամբ են մասնակցում փորձերին և անհամբեր սպասում են բեմ դուրս գալուն: Ի դեպ, պարողները հենց ուսումնարանի սաներն են՝ 6-18 տարեկան:

Բալետի փորձը դիտելուց հետո տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար և հաջողություններ մաղթել մասնակիցներին:

Նմանատիպ նյութեր