211652_close_icon
views-count2438 դիտում article-date 12:29 20-04-2021

Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 30-ի նիստի` Օնիկ Գասպարյանի զեկույցի արձանագրության գաղտնազերծված ձայնագրություն է հրապարակել

ԱԽ գրասենյակը, ի հավելումն 2021 թ. ապրիլի 15-ի հրապարակման, հրապարակել է խորհրդի 30.09.2020 թ. նիստի արձանագրության գաղտնազերծված՝ 25 վայրկյան տևողությամբ ձայնագրություն, որտեղ ՀՀ ԶՈՒ ԳՇ այդ ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանը զեկուցում է․ «Ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն՝ որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել։ Ամեն դեպքում, զորքերն իրենց խնդիրը կատարում են»։

Հիշեցնենք, որ ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հայտարարությունում հնչած որոշ պնդումներ և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր:

Նշենք նաև, որ ի պատասխան ԱԽ-ի հրապարակած փաստաթղթերի՝ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ հրապարակված փաստաթղթերն ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` խեղաթյուրելով իրականությունը։ 

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական կոալիցիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի դադարեցումից հետո անցել է ավելի քան հինգ ամիս։ Այդ ողջ ընթացքում, մեր հասարակության տարբեր շերտերի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել` պատերազմից առաջ, դրա ընթացքում, ինչպես նաև զինադադարի կնքումից հետո տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների, դրանց համատեքստում ՀՀ և Արցախի Հանրապետության զինված ուժերի և պետական ղեկավարման մարմինների կողմից ընդունված տարաբնույթ որոշումների և իրականացված գործողությունների վերաբերյալ։ Հանրային լրատվության միջոցները հեղեղված են տարաբնույթ տեղեկություններով, գնահատականներով, բացահայտումներով, դավադրապաշտական տեսություններով։ Դրան վերջին շրջանում ավելացել են որոշ պետական մարմինների կողմից հատվածաբար գաղտնազերծվող և հանրայնացվող տեղեկությունները (մասնավորապես` ԱԽ Քարտուղարության կողմից ս․թ․ ապրիլի 15-ին հրապարակված ԱԽ նիստերի արձանագրությունների ընտրովի հատվածները ,որոնք ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսևորում է ՀՀ գործող իշխանության կողմից)։

Այս ամենն իրական սպառանալիք է դարձել մեր ազգային անվտանգության համար, խարխլում է մեր հանրային համերաշխությունը, բարոյալքում է մեր զինված ուժերը և, որպես հետեւանք, խոցելի է դարձնում մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ»,-հայտարարել էր ԶՈՒ ԳՇ նախկին պետը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր