211652_close_icon
views-count1973 դիտում article-date 10:49 16-04-2021

Վարչապետի ելույթից ՊՆ-ն ու ԶՈւ հրամկազմը տագնապի մեջ են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ ամբիոնից պատերազմի, արված օպերացիաների, թերացումների մասին հայտարարությունը մի շարք գեներալների, գնդապետների խիստ մտահոգել է, թե ինչու էր այդ մասին ԱԺ ամբիոնից վարչապետը հրապարակավ ասում:

Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ բարձրաստիճան զինվորականները քննարկել են, որ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետի եւ վարչապետի այս հրապարակային վեճը լավ տեղ չի տանի ու բանակին նոր մարտահրավերներ կնետի: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ մարտի 22-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈւ հրամկազմին է ներկայացրել Արտակ Դավթյանին, փակ քննարկման ժամանակ գեներալներից շատերը հետաքրքրվել են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում, արդյոք իրենք 44-օրյա պատերազմի հետ կապված ինչ-որ քրեական գործերով են անցնելու կամ դատվելու:

Փաշինյանը վստահեցրել է, որ ոչ մի փաստահավաք խումբ չի ստեղծվելու, որեւէ քննություն չի իրականացվելու, բոլորը կարող են իրենց գործառույթները հանգիստ իրականացնել: Ավելին, ըստ նույն տեղեկությունների՝ Փաշինյանը նշել էր, թե իրենք կարող են ներքին քննարկումներ իրականացնել ու իրենց մեջ որոշել՝ որտեղ ով ինչպես սխալվեց, հետեւություն անեն: ԶՈւ հրամկազմն էլ, վստահ լինելով, որ ամեն ինչ լավ է, խաղաղվել ու անցել էր իր գործին: Բայց նախօրեին վարչապետի ելույթից ՊՆ-ն ու ԶՈւ կազմը, կարելի է ասել, տագնապի մեջ են, քանի որ առաջիկայում հնարավոր են կտրուկ շրջադարձեր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր