211652_close_icon
views-count1453 դիտում article-date 22:08 14-04-2021

ԵՊՀ ՀԽ-ն բավարար է գնահատել 2019-2020 ուստարում ԵՊՀ գործունեությունը և հաստատել աշխատանքների կատարողականը

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային առաջին հարցով ԵՊՀ ռեկտորի ժ.պ. ՀԽ-ի հաստատմանն է ներկայացրել 2019-2020 ուստարում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը և 2016-2020 թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2019-2020 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականը:

Գեղամ Գևորգյանն իր ելույթում նշեց, որ հաշվետու ուստարում համալսարանն իր գործունեությունն իրականացրել է ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի (ՌԾ) նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ հիմք ընդունելով դրանց իրագործման համար հաստատված ժամանակացույց-պլանով սահմանված չափանիշները, պայմաններն ու պահանջները:

Նրա տեղեկացմամբ, 2018-2019 ուսումնական տարում մշակվել և հաստատվել է մագիստրոսական 2 նոր կրթական ծրագիր, որոնցից մեկը՝ միջմասնագիտական, և բակալավրի 8 կրթական ծրագիր: Գեղամ Գևորգյանը փաստեց, որ 2019-2020 ուստարում մեկնարկել են նշված  մագիստրոսական («Վարչագործարարական թարգմանություն», («Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր») 2 և
բակալավրի 1 («Սննդի անվտանգություն») կրթական ծրագրերը:

Նա ասաց, որ ռազմավարական այս նպատակով սահմանված խնդիր է օպտիմալացնել  համալսարանի ընդունելության կառուցվածքը և չափաքանակները՝ դրանք  համապատասխանեցնելով աշխատաշուկայի և հանրության պահանջներին, կատարելագործել ընդունելության ընթացակարգերը և աշխատակարգերը:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է դասավանդման գործընթացում ուսումնառության էլեկտրոնային ռեսուրսների կիրառման համար խրախուսման մեխանիզմների ներդրման գործընթացի իրականացումը՝ համաձայն «Երևանի պետական համալսարանի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգի»:

Հոդվածների հրապարակումները խրախուսելու համար, ըստ Գեղամ Գևորգյանի, շարունակաբար հստակեցվում է միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված պարբերականների ցանկը՝ ըստ «Web of Science» և «Scopus» շտեմարանների: Նրա խոսքով, նշված շտեմարաններում հրապարակումների քանակը նախորդ ուստարվա համեմատ աճել է մոտ 15%-ով:

Գեղամ Գևորգյանի հավաստիացմամբ, շարունակվել և ընդլայնվել է արտասահմանյան գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչի արդյունքում համատեղ հետազոտական ծրագրերի թիվը նախորդ ուստարվա համեմատ աճել է 26 %-ով:

«2006 թվականին ստեղծված Երևանի պետական համալսարանի պորտալում ընդգրկված են ավելի քան 100 կայք ու ենթակայք: Հաշվետու ուստարում շահագործման են հանձնվել «Թարգմանություն և գիտություն» գիտաժողովի կայքը (http://www.etc.ysu.am) և «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի կայքը (http://www.math.ysu.am/asds)»,- նշեց Գեղամ Գևորգյանը և հավելեց, որ կայքի «Նորություններ» բաժնում հրապարակվել է հայերեն, ռուսերեն, անգլերեն 2771 նյութ` մոտ 1000-ով ավելի նախորդ ուստարվա համեմատ, իսկ
«Հայտարարություն» բաժնում՝ 192 հայտարարություն:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն ասաց, որ հաշվետու ժամանակահատվածում ԵՊՀ անձնակազմի  կառավարման և իրավական ապահովման վարչության աշխատողներն անցել են մասնագիտական վերապատրաստման կարճաժամկետ դասընթացներ, մասնակցել են կլոր սեղան-քննարկումների. «Միաժամանակ, մշակվել և հաստատվել են ԵՊՀ ուսումնաօժանդակ համակազմի աշխատողների աշխատանքի նկարագրերը, որոնք 2018-2019 ուսումնական տարվանից կցվել են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերին՝ որպես անբաժանելի հավելված: Ընթացքի մեջ է ինժեներատեխնիկական համակազմի աշխատողների աշխատանքի նկարագրերի մշակումը»:

Գեղամ Գևորգյանը փաստեց, որ հաշվետու ժամանակահատվածում էապես փոխվել է ԵՊՀ ներքին համակարգչային օպտիկամանրաթելային ցանցի կառուցվածքը. «Մասնաշենքերում տեղադրվել են ցանցի համակցման նոր սերնդի սարքավորումներ, որի արդյունքում մասնաշենքերի միջև ցանցի թողունակությունը հասցվել է մինչև 10 Գբիթ/վ-ի»:

Գ. Գևորգյանն ասաց, որ հաշվետու ուստարում ուսանողների և դասախոսների շրջանում իրականացվել է ներքին բենչմարքինգ՝ շարժունությունը գնահատելու համար. «Էականորեն աճել է փոխանակման ծրագրերի շրջանակում արտերկիր մեկնող սովորողների թիվը: 2017-2018 ուստարում արտերկիր է մեկնել ԵՊՀ մոտ 200 ուսանող և ասպիրանտ, 2018-2019 ուստարում՝ 300-ը):

ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն ներկայացրեց նաև ԵՊՀ մի շարք ստորաբաժանումների և ուսանողական կառույցների կողմից իրականացված ծրագրերի, ինչպես նաև ֆինանսական միջոցների անհրաժեշտ ներհոսքի աղբյուրների և ծավալների մասին:

Ի ելույթի ավարտին Գեղամ Գևորգյանը պատասխանեց ՀԽ անդամների հարցերին, որից հետո ՀԽ անդամները բավարար գնահատեցին իրականացված աշխատանքները և հաստատեցին կատարողականը:

2019-2020 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ 2016-2020 թթ. «Երևանի պետա-կան համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2019-2020 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականին՝ այստեղ:

Նմանատիպ նյութեր