211652_close_icon
views-count6596 դիտում article-date 18:52 12-04-2021

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհվել է հատուկջոկատային ԱԶԱՏ ՀԵՔԻՄՅԱՆԸ

Ազատը զորակոչվել էր բանակ 2019թ հունվարի 15-ին։ Ծառայության 6 ամիսը անցել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի զորամասում։ Իր լավ ֆիզիկական պատրաստականության շնորհիվ Ազատը ծառայել է որպես հետախույզ։ Նա շատ էր ուրախացել,որ հենց այդ խմբում է ծառայելու, քանի որ նա միշտ ուզում էր ունենալ հետաքրքիր ծառայություն, հաղթահարել բարդություններ և ունենալ մեծ զբաղվածություն։

Իր բարձր մարտունակության շնորհիվ 6 ամիս անց ծառայությունը շարունակեց ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորքերում։

Չափից շատ գաղտնապահ էր. հավատարիմ էր իր զինվորական երդմանը։

2020թ. սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Ազատը հենց առաջին օրվանից եղել է պատերազմի աենաթեժ կետերում և պատվով կատարել իր մարտական առաջադրանքները։

Նա անխնա ոչնչացրել է թշնամուն Հադրութում, Ջրականում, Իշխանաձորում՝ պահպանելով բարձր մարտական ոգի։ Սակայն Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում մղվող մարտերը եղան վերջինը նրա համար։

Ազատը անմնացորդ նվիրումով իր ջոկատի հետ առաջ նետվեց և կրակը իր վրա վերցնելով հարյուրավորներին հնարավորություն տվեց նահանջի՝ փրկելով բազում կյանքեր։

Ազատը զոհվեց հոկտեմբերի 20-ին դիպուկահարի գնդակից։ Հերոսի մահով ընկավ Ազատը։ Պայքարեց, ինչպես վայել է հատուկջոկատայինին, ինչպես վայել է իսկական հերոսներին։

Կյանքի իր վերջին րոպեներում կռվեց հերոսաբար, կռվեց առանց վախի՝ հանուն ընտանքիքի և հայրենիքի։

Նա կյանքում ամեն ինչին հաղթած էր դուրս գալիս։ Մահին էլ հաղթեց։

Զոհվեց՝ մահվան նժարին ավելի բարձր տեսնելով հայրենիքն ու զինակից ընկերների կյանքը։ Ապրելով իրեն բաժին հասած իր կյանքի 20 տարիները՝ նա հասցրեց տեղ գտնել բոլորի սրտերում։

Ազատը կյանքով լի է եղել, սիրել է կյանքը։

Նրա հետ խոսելիս անկախ քեզանից կյանքով էիր լցվում և ցանկություն էր առաջանում ապրել և ապրել գեղեցիկ...

Լուսավոր, բարի Ազատը ընտանիքի համար եղավ արժանի զավակ և հոգատար եղբայր, ընկերների համար՝ ընկեր՝ բոլոր առումներով, իսկ հայրենիքի համար հասցրեց լինել զինվոր և ազգի հերոս։

Ազատը ամեն կենացի ժամանակ կրկնում էր հետևյալ խոսքերը. «Թե այս կյանքում կա լավություն, եկեք չանենք իրար վատություն»։

Քաջ մարտիկը հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր