211652_close_icon
views-count19094 դիտում article-date 22:46 11-04-2021

Շիրակի Կադաստրի նախկին պետի կինը 2 հազար դրամով հողատարածք է վարձակալել և վերավարձակալության տվել մոտ կես միլիոն դրամով. Forrights.am

Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանի պաշտոնավարման ընթացքում նրա ընտանիքը Շիրակի մարզի գյուղական համայնքներից էժան գնով հողատարածքներ է վարձակալել և ավելի թանկ գնով վերաբարձակալության հանձնել այլ իրավաբանական անձանց: Այժմ Առաքելյանի կնոջ՝ Հ. Ալեքսանյանի առնչությամբ քննվում է երկու քրեական գործ: Այս տեղեկությունը Forrights.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրել են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

Գլխավոր Դատախազությունից մանրամասնել են, որ 2020 թվականի մայիսի 7-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ` այն դեպքի առթիվ, որ Շիրակի մարզի Ցողամարգ համայնքի ղեկավարի կողմից 2006թ. օգոստոսի 9-ին համայնքային սեփականություն հանդիսացող 1.0 հեկտար անշարժ գույքի վարձակալության պայմանագիր է կնքվել Հ. Ալեքսանյանի հետ՝ տարեկան 2 հազար 40  ՀՀ դրամ գումար արժեքով, որից  հետո  այդ հողամասի 0.2  հեկտարը  2006թ. օգոստոսի 22-ին նշված վարձակալը ենթավարձակալության պայմանագրով, տարեկան 480.000 ՀՀ դրամով, հանձնել է հեռահաղորդակցության  օպերատոր  ՓԲ ընկերությանը՝ հեռահաղորդակցության կայան տեղադրելու և շահագործելու համար:

Դատախազությունից տեղեկացնում են, որ վարձակալության պայմանագիրը լուծվել է, և ընկերության հետ արդեն Սարապատ խոշորացված համայնքի կողմից կնքել է վարձակալության նոր պայմանագիր:

Դատախազությունը մյուս գործի վերաբերյալ Forrights.am-ին հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` այն դեպքի առթիվ, որ ՀՀ  Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի նախկին ղեկավարը 2006թ. նոյեմբերի  6-ին Հ. Ալեքսանյանին  25  տարի  ժամկետով  վարձակալության  իրավունքով  տրամադրել  է  2.75 հա  ընդհանուր  մակերեսով հողատարածք՝ տարեկան 9 հազար 350 ՀՀ դրամ վարձավճարով: Գյուղապետարանի  հետ  վարձակալության  պայմանագիր կնքելուց 10 օր  անց Հ. Ալեքսանյանը նշված տարածքից 200մ2 մակերեսով հողատարածքը ենթավարձակալությամբ  120.000 ՀՀ դրամով հատկացրել  է մեկ այլ  բջջային օպերատորի: Ուշագրավ է, որ այս ենթավարձակալության պայմանագիրը լուծված չէ:

Դատախազությունից փոխանցում են, որ նշված քրեական գործերի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննությունն  ապահովելու նպատակով կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:

Մանրամասները՝ Forrights.am-ում

Նմանատիպ նյութեր