211652_close_icon
views-count8308 դիտում article-date 20:11 11-04-2021

Իմ հերոսները միջին և աղքատ խավի մարդիկ են, շքեղ կյանքով ապրողները հետաքրքիր դրամատուրգիա չեն ունենում, նրանցով ես չեմ կարող քանդակ կերտել. Սամուել Ոսկանյան. 168.am

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո մեր շատ հայրենակիցներ կորցրեցին իրենց բնակավայրը, ունեցվածքը ու հաստատվեցին Հայաստանի այս կամ այն շրջանում՝ բախվելով սոցիալական տարբեր խնդիրների։ Նրանց այդ դժվարությունները ֆիքսեց լուսանկարիչ Սամուել Ոսկանյանը՝ փորձելով այդ լուսանկարների միջոցով շարժել մարդկանց գութը՝ սննդի, հագուստի կամ կացարանի հարցում օգնելու համար:

Լուսանկարչի հետ այս և այլ հարցերի վերաբերյալ 168.am-ի զրույցը՝ ստորև.

– Սամուել, մեկ տարի է, ինչ զբաղվում եք լուսանկարչությամբ, ու կարծես թե Ձեր բոլոր լուսանկարների կենտրոնում մարդն է ու ոչ բնությունը: Ինչո՞ւ:

– Կարծում եմ՝ բնություն նկարելը թիթեռի կյանք ունի, որովհետև այն վաղվա սերնդին չի հետաքրքրելու: Այդ նույն նկարները միշտ արվելու են. նույնն են լինելու ժայռերը, ծաղիկները..: Իհարկե, պետք են այդ ժանրի գործերը, բայց ես չեմ համարում ստեղծագործություն: Մարդու կերպարն այլ է. տեսեք, Վերածննդի և Բարոկկոյի շրջանի ստեղծագործությունները, որ մեզ են հասել՝ գլխավոր դերակատարը մարդն է: Նույնիսկ քանդակների միջոցով մենք հասկանում ենք տվյալ ժամանակահատվածը, թե ինչ է կատարվել, և պարտադիր չէ, որ բառերով ասվի: Մարդու կերպարը նկարելով, քանդակելով և լուսանկարելով՝ դու վավերագրում ես ժամանակը, իհարկե, ճիշտ, էմոցիոնալ, կեղծիքից խուսափելով:

– Նախքան լուսանկարելը զրուցո՞ւմ եք մարդու հետ: Ի՞նչն է կարևոր առաջին հերթին հասկանալ ու ապա անցնել լուսանկարելուն:

– Իհարկե, հիմնականում ճանաչում եմ իմ հերոսին: Ես զրուցում եմ նրանց հետ, հասկանում եմ խնդիրները ու նույնիսկ իրենց բարդույթները չեմ ուզում ֆիքսել, թե՝ ահա, իրավիճակը ծանր է: Լուսանկարը ստեղծագործություն դառնում է այն ժամանակ, երբ դու հակադրություն ես ստեղծում:

Բարդույթի մեջ՝ ժպիտ, շատ ուրախության մեջ՝ տխրություն. այս գույներն է ստեղծում կտավը: Այսպես է թե՛ պոեզիայում, թե՛ լուսանկարչության մեջ: Մինչև հակադրություն չլինի՝ լիարժեք էմոցիա չի ստացվելու:

Ենթադրենք, ես փողոցում նստած մուրացկանին նկարեցի: Այո՛, տխուր կադր կլինի, սակայն բոլորը դա տեսել են, էմոցիա կա դրա մեջ, բայց ասելիք չկա: Նույնը կինոյում է՝ ուղղակի փողոցում նստած մուրացկան, ով գումար է հավաքում: Հա, հետո՞: Տխուր է, կնայեն, կհուզվեն գուցե, բայց այդ կադրի մեջ իմաստ չկա:

Այլ է, երբ ես տխրության մեջ ուրախությունն եմ ընդգծում, ինչպես նաև հույզերը, ձգտումը, վրեժխնդրությունը…: Եվ երբ աչքերում այդ հայացքն է նկատվում՝ նշանակում է, որ ես արդեն դիտողին ասելիք ունեմ:

Լուսանկարելուց առաջ ամենակարևորը պետք է հասկանալ, որ հերոսը վստահում է քեզ, անկեղծ է: Անկեղծությունը միայն խոսքերն ու գործողությունները չեն: Անկեղծությունը կարող է նաև քարացած պատկերի, անշարժության մեջ լինել, որը պետք է գտնես: Նա իր հոգին է քո առջև բացում, դու՝ իր: Այլ բան է՝ երբ գնում ես անձնագրի համար լուսանկարվում, այլ բան է, երբ դու հոգուդ դռները բացում ես լուսանկարչի առջև:

– Չեք ստացել լուսանկարչի կրթություն, աշխատում և սովորել եք այլ ոլորտում: Ինչպե՞ս առաջացավ սերը դեպի լուսանկարչություն:

– Փոքր ժամանակ գեղանկարչությամբ եմ զբաղվել: Գնում էի Լոռվա անտառներ ու նկարում էի բնությունը, հետո, երբ մեկնեցի բանակ, եկա ու որոշեցի ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոարվեստ՝ ռեժիսուրա բաժինը: Ինձ հետաքրքրում էր կինոն, որովհետև հասկանում էի, որ կինոն մեր կյանքի վավերագրությունն է, ու կարելի է ասելիք ստեղծել կինոյի միջոցով: Ընթացքում նաև անցանք լուսանկարչություն առարկան, և ես ինձ գտա անշարժ պատկերի մեջ:

Կինոն հենց լուսանկարչությունից է ստեղծվել, բայց լուսանկարչությունը մնացել է անկախ արվեստի ճյուղ: Երջանկահիշատակ Ռուբեն Գրիգորյանը, ով իմ կուրսղեկն էր, մեծ դեր ունեցավ իմ աշխարհայացքի կայացման գործում: Այն, ինչ անում եմ, ու լավ է ստացվում՝ միշտ ինքը կա այդ գործում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ 168.am-ում

Նմանատիպ նյութեր